Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ Չարբախում Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ մեղադրվող Չարբախցի Գեղամ մականվամբ Պետրոս Իսրայելյանը նույնպես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանի խոսքով՝ քրեական գործում չկա որեւէ ապացույց, որը կհիմնավորվի նրա առնչությունը տեղի ունեցած հանցագործությանը:
Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Պետրոս Իսրայելյանը թշնամական հարաբերություններ չի ունեցել սպանված Մուշեղ Մուշեղյանի եւ այս գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի հետ:
«Ըստ մեղադրանքի՝ այս գործով առկա է հանկածակի առաջացած դիտավորություն սպանությունը կատարելու համար, սակայն այդ հանկարծակի առաջացած դիտավորությունը որեւէ փաստաբակական տվյալով չի հիմնավորվում»,-ասաց նա:
Պաշտպանի խոսքով՝ հանցագործության ենթադրյալ շարժառիթն աբսուրդի ժանրից է: «Իրականում առկա չէ Պետրոս Իսրայելյանի կողմից որևէ անձի վնաս պատճառելու շարժառիթ, իսկ այն, որ դիտավորությունն առաջացել է հանկարծակի՝ աբսուրդի ժանրից է: Դիտավորությունը չի կարող առաջանալ հանկարծակիորեն, այլ պետք է փաստական հանգամանքերով հաստատվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Իսրայելյանի ընտանիքին պատկանող Լիա գեղեցկության սրահում:
Միհրան Պողոսյանն այս կապակցությամբ ասաց, որ դատաքննության ընթացքում իրենց դիրքորոշումը կհայտնեն և կասեն, թե ինչպես են հայտնվել այդ վայրում: «Այսինքն, Պետրոս Իսրայելյանի կողմից հավաք կազմակերպված չի եղել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկեցնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել:
Այնուհետև, նախնական համաձայնության գալով, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն, հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` անհրաժեշտ պաշտպանության համար ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած` Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից: