Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատաքննությունը:
Մեղադրող կողմի միջնորդությամբ` այսօր դատարանում պետք է լրացուցիչ հարցաքննվեին գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի որդին` գործով վկա Գոռ Իսրայելյանը, և Նորատուսցի Ալիկի մտերիմներից Միսակ Միրիջանյանը: Գոռ Իսրայելյանը, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվեց հարցաքննվել, իսկ Միրիջանյանի ներկայությունը դատական նիստին հնարավոր չէր եղել ապահովել:
Դատախազը միջնորդեց բերման ենթարկել հիշյալ վկային, ինչին առարկեց գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը` Նորատուսցի Ալիկը: «Դեմ եմ»,- տեղից արձագանքեց ամբաստանյալը:
Համաձայն որոշ տվյալների`վկան հանրապետությունում չէ: Դատարանը որոշում կայացրեց ՍԵԿՏ համակարգով հարցում ուղարկել` ստուգելու` արդյո՞ք վկան լքել է հանրապետության տարածքը, թե՞ ոչ:
Համաձայն նախաքննական նյութերի՝ դեպքից հետո Նորատուսցի Ալիկի թիկնապահը` գործով ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, զանգահարել է Միսակ Միրիջանյանին՝ նրա միջոցով փորձելով ճշտել` հրազենային վնասվածք ստացած երիտասարդը ո՞ղջ է, թե՞ ոչ: Նշենք, որ խոսքը Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղում սպանված Մուշեղ Մուշեղյանի մասին է:
Այսօրվա նիստում ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանից պահանջեց 2016թ.ի հոկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի (հեղ.-ներկայումս պաշտոնանկ արված) կողմից դատարան ներկայացված` Ա Գասպարյանի հեռախոսահամարների նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդության և դրան կից ներկայացված նյութերի պատճենները: Բացի այդ` պաշտպանը միջնորդեց դատարանին` տրամադրել նշված միջնորդության քննարկման համար կայացված դատական նիստերի արձանագրությունները և դրանց լազերային կրիչները:
Ըստ Երեմ Սարգսյանի` դատարան է բերվել ապացույց, որի ստեղծման ընթացակարգը պաշտպանական կողմը չի կարող գնահատել: Նրա խոսքով` այդ ապացույցները ձեռք են բերել օրենքով սահմանված կարգի խախտմամբ. հայտնի չէ, թե երբ կամ ինչ պայմաններում են արվել այդ գաղտնալսումները: Փաստաբանը դատարանին միջնորդեց նաև տրամադրել Ալիկ Բանդուրյանի և Արմեն Գասպարյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների, դրանց կից ներկայացված նյութերի, այդ միջնորդությունները քննարկելու վերաբերյալ դատարանի որոշումների պատճենները:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով: