| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտվեցին 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով փաստաթղթերը: Նշենք, որ հիշյալ քրեական գործը բաղկացած է 14 հատորից:
Հրապարակվեցին նախաքննության ընթացքում որպես վկա ներգրավված անձանց հարցաքննելու վերաբերյալ արձանագրությունները: Ներկայացված վկաներից ոչ բոլորն են եղել դատակոչի ցուցակում և հարցաքննվել դատարանում: Նրանց թվում էր նաև նախկին «օրենքով գող» Զապը` Անդրանիկ Սողոյանը, ով նույնպես նախաքննության ընթացքում էր միայն հարցաքննվել: Ի դեպ, Անդրանիկ Սողոյանը 2016-ին զրկվել է «օրենքով գողի» տիտղոսից:
Համաձայն գործի նյութերի` Նորատուսցի Ալիկը` Ալիկ Բանդուրյանը, քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի միջոցով մեկ այլ քրեական հեղինակություն` Բանգլադեշցի Վիրաբիկին` Վիրաբ Գասպարյանին, հեռացրել է դեպքի վայրից: Զապը Վիրաբիկից պահանջել է հեռանալ գեղեցկության սրահի նկուղային հարկից Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում սպանվել է երկու անձ:
Այսօր գործով նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտնեց, որ գրություն է ուղարկել ՃՈ պետ Եգոր Կարապետյանին` գործով իրեղեն ապացույց հանդիսացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի տեղափոխումը ՃՈ հատուկ պահպանման վայրից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայր կազմակերպելու համար:
Նախորդ դատական նիստում մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը հայտնել էր, որ իրեղեն ապացույց հանդիսացող մեքենան տեղափոխելու համար հարկավոր է դրա բանալին, որը նույնպես այս գործով իրեղեն ապացույց է:
Դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում տրամադրել մեքենայի բանալին, քանի որ չի բացառում հանցագործության հետքերն էապես փոխելու հանգամանքը: Դատավորը նշեց, որ մեքենան դատարան կարող են տեղափոխել նաև համապատասխան ամբարձիչով:
Ըստ գործի նյութերի՝ Գոռ Իսրայելյանը տուժող Գևորգ Ավետիսյանին տեղափոխել էր հիվանդանոց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: