Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինձ սաղ են ճանաչում, ես ճիշտ մարդ եմ, ճիշտ տղա եմ, ես մարդ սպանող չեմ»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Չարբախցի Գեղամ անունով հայտնի քրեական հեղինակություն Պետրոս Իսրայելյանը:
Նա մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին իրեն պատկանող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում մի խումբ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանին սպանելու մեջ: Պետրոս Իսրայելյանը հակիրճ նկարագրեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած դեպքը` հրաժարվելով պատասխանել մեղադրող դատախազների և դատավորի հարցերին:
Պետրոս Իսրայելյանը դատարանում հայտնեց, որ դեպքից որոշ ժամանակ առաջ այս գործով վկա Ռուբեն Խաչատրյանի հետ գնացել է Արա Վարդանյանին հիվանդատես (հեղ. խոսքը արդեն մահացած Ճվճվ Արոյի մասին է): Խոսակցությունների ժամանակ Արա Վարդանյանն այս գործով մեկ այլ վկայի՝ Լևոն Մեսրոպյանին (հայտնի է որպես Վարդենիսցի Լյով) ասել է, որ վարդենիսցի մեկն իրեն գումար է պարտք: Այնուհետև, ըստ ամբաստանյալի, Լևոն Մեսրոպյանին է մոտեցել Արա Վարդանյանի մտերիմ Մուշեղ Մուշեղյանն ու ասել, որ գումարը ոչ թե 2000, այլ 20 000 ԱՄՆ դոլար է:
«Ես տանը նստած եմ եղել: Վահագ անունով տղա եկավ մեր տուն, չէի ճանաչում իրեն, եկավ, ասաց` եկել եմ Արոյի պարտքի համար ասեմ: Հետո տղերքին ասեցի` 2000 դոլար պարտք ա, կբերի, կտա, հետո Արամն ու Մուշոն ինչ-որ իրար չէին հասկացել»,- նշեց նա:
Ըստ Իսրայելյանի ցուցմունքի՝ Մուշեղ Մուշեղյանը Արամ Պետրոսյանի հետ կոպիտ է խոսել: Արամ Պետրոսյանն ու Մուշեղ Մուշեղյանը պայմանավորվել են դրսում որևէ տեղ հանդիպել, և ինքը նույնպես որոշել է գնալ հանդիպմանը, սակայն հետագայում որոշվել է հանդիպումն անցկացնել ոչ թե դրսում, այլ Պետրոս Իսրայելյանի ընտանիքին պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղում: Պետրոս Իսրայելյանն իր ցուցմունքում մի քանի անգամ շեշտեց, որ դա իրենց տունն է, և ինքն իր տան մեջ չէր կարող մարդ ծեծել, այն անվանում էր «մեր տունը»: «Ներսում էինք, դռան գմփոց եկավ, Մուշեղը մտավ: Գևորը ոնց որ իմ տղեն ա եղել` տարբերություն չկա, ասեց ` էս ի՞նչ ձև ես մտնում, հետո քֆուր, կրակոց: Գևորիկը հանեց դանակը, փաթաթվան իրար: Կրակոցների ժամանակ չեմ հիշում՝ ոնց եղավ, մի պահ դուրս եկա, հետո վերադարձա, տեսա՝ Գևորիկն ընկած, տարանք հիվանդանոց: Էսա եղել սաղ պատմությունը: Իսկ թե մեղադրող կողմն ինչո՞ւ է մեզ սարքում մարդասպան, ես չեմ կարող հասկանալ: Ես ճիշտ մարդ եմ, ճիշտ ապրած տղա եմ: Սաղ կյանքս նենց եմ արել, որ մեկը մեկի ոտքը չտրորի»,- ասաց Պետրոս Իսրայելյանը:
Պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին` եթե Իսրայելյանն իսկապես Մուշեղ Մուշեղյանին ծեծելով սպանելու նպատակ ունենար, դա կանե՞ր իր տանը: «Ես չեմ պատկերացնում: Ես հյուր հարգող տղա եմ: Իմ համար տունը շատ թանկ բան ա: Ես 48 տարեկան տղա եմ, ես տան մեջ սկի ձենս չեմ բարձրացնի: Տան մեջի մարդուն հարգում են, տան մեջ մարդ չեն ծեծում: Կարող ա մեղադրողը տենց բաներ ունի` տան մեջ մարդ ա ծեծում»,- ասաց Պետրոս Իսրայելյանը:
Ամբաստանյալի այս արտահայտությունն ակնհայտորեն դուր չեկավ մեղադրողներին և դատավորին, ինչի համար Իսրայելյանը նկատողություն ստացավ: Պետրոս Իսրայելյանը հրաժարվեց պատասխանել մեղադրող կողմի և դատարանի հարցերին, սակայն մեղադրողները, այնուամենայնիվ, մի քանի հարց հղեցին, որոնք այդպես էլ մնացին անպատասխան:
Մեղադրող Արգիշտի Քյարամյանը կրկնեց Պետրոս Իսրայելյանի խոսքերը ճիշտ ապրելու մասին ու խնդրեց պարզաբանել, թե ո՞րն է, ըստ նրա, ճիշտ ապրելը: «Միջնորդում եմ հնարավորություն տալ քիչ առաջ ցուցմունք տված անձին պարզաբանելու, թե ի՞նչ են նշանակում «ճիշտ աբրել» և «ճիշտ աբրող մարդ» հասկացությունները»,- դատարանին դիմելով` ասաց դատախազը:
Մեղադրողի այս հարցն, ըստ էության, բարկացրեց դահլիճում ներկա ամբաստանյալների կողմնակիցներին, իսկ պաշտպանական կողմը առարկեց ներկայացված հարցի դեմ:
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության` Պետրոս Գոռի Իսրայելյանը Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել, որից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում հրաժարվեցին ցուցմունքներ տալ գործով մյուս ամբաստանյալները` Ալիկ Բանդուրյանը և Արմեն Գասպարյանը: