Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-07-07 17:28
Հասարակություն

Գույքագրված 2029 աղբանոցից փակվել է 1480-ը. «Մաքուր Հայաստան» ծրագրի արդյունքները

Գույքագրված 2029 աղբանոցից փակվել է 1480-ը. «Մաքուր Հայաստան» ծրագրի արդյունքները

Այսօր ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է  տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:

Նիստի բացման իր խոսքում Վաչե Տերտերյանն ասել է, որ  «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի  արդյունքներն արդեն տեսանելի են: «Կհամաձայնվեք, որ մեր ճանապարհները, տուրիստական կենտրոնները էապես թարմացել են, բարեհաճ են դարձել, կարծես թե վիզուալ առումով այդ արդյունքները երևում են: Բայց դրա հետ միասին տարբեր ուղղություններով պարբերաբար աշխատանքներ իրականացնում ենք: Մեր հիմնական մայրուղիների վրա, իհարկե, ոչ բավարար քանակությամբ, բայց  արդեն իսկ որոշակի քանակությամբ աղբամաններ տեղադրվում են, բայց միայն աղբամանները տեղադրելով խնդիրը չի լուծվում:  Մենք նյութեր ենք նախապատրաստել, որպեսզի հանրության հետ աշխատանքը՝ ուսումնական հաստատություններ, ԲՈՒՀ-եր, բոլոր ուղղություններով կատարվի: Մաքուր Հայաստանն իրենից ենթադրում է վարչական ռեսուրսներ, բայց նաև ենթադրում է  ընդհանուր մտածելակերպի, ընդհանուր վերաբերմունքի փոփոխություն բոլորիս կողմից: Այսօր նախապատրաստվում ենք   հուլիսի 29-ին կայանալիք  2-րդ համապետական շաբաթօրյակին և մեծ ծավալի աշխատանք պետք է կատարենք  այդ ուղղությամբ»,-ասել է Վ. Տերտերյանը:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հատուկ ստեղծված http://map.transproject.am/ կայք-էջը ներկայացրել է ՏԿԶՆ տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչություն պետ Արտաշես Բախշյանը: Նա առաջարկել է բոլոր մարզերի ներկայացուցիչներին ուշադրությամբ հետևել  կայքին և տեղերից պարբերաբար տեղեկություններ տրամադրել՝ կայքի տեղեկատվությունը թարմացնելու համար: Կայքում տարբեր  երանգավորմամբ նշված աղբանոցները ցույց են տալիս  ս.թ. ապրիլին  ՀՀ բոլոր մարզերում անձնագրավորված աղբանոցների դասակարգումը՝ ըստ փակված, նույնականացման ենթակա և սպասարկման ենթակա դառնալու:

Նիստի ընթացքում զեկուցվել  է ընթացիկ վիճակի, կատարված աշխատանքների մասին:   Ըստ այդմ՝  գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել են 1480-ը, փակման ենթակա են ևս 272 աղբանոց:   Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր: 

Աղբահանության ծառայությունների համար իրավաբանական անձանց և կոմունալ ծառայություն մատուցող ընկերությունների իրավապայմանագրային հարաբերությունների հետ կապված տեղեկացվել է, որ ՀՀ մարզերի և համայնքների աղբահանության և սանիտարական մաքրման շրջանակներում 126 համայնք 39 մասնավոր ընկերության է պատվիրակել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, իսկ 97 համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են շուրջ 8500 պայմանագիր: «Քանի դեռ չկա ինստիտուցիոնալացված դաշտ, դժվար է հասնել մեր առջև դրված  խնդիրների իրականացմանը»,-ասել է Վաչե Տերտերյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը նիստում տեղեկացրել է, որ  ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից  կատարված աշխատանքների արդյունքում հուլիսի 4-ի  դրությամբ  չսահմանված վայրերում  աղբ թափելու 1296 դեպք է հայտնաբերվել, չսահմանված վայրերում աղբ թափող՝ 624 անձ, 340 միջնորդագրեր են ուղարկվել ՏԻՄ մարմիններ,  և  ուղարկված միջնորդագրերից ընթացքի մեջ են 199-ը:  

Մարզպետարանների պատասխանատուները և տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներն իրենց հերթին ներկայացրել են  ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, առաջարկություններով հանդես եկել: Նշվել է, որ ակտիվ նախապատրաստվում են հուլիսի 29-ին նախատեսված 2-րդ համապետական շաբաթօրյակին:  Կարևորվել է ամառային հանգստի ակտիվ այս շրջանում հանգստյան գոտիների մաքրման աշխատանքներն  ակտիվացնելը:

Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն