Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2017 թվականի ապրիլի 22-ին ստեղծվեց ծրագրի ֆեյսբուքյան խումբը: ՀՀ ՏԿԶ նախարարությունում ձևավորված «Մաքուր Հայաստան» միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ՀՀ Վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանի նախաձեռնությամբ ստեղծված այս խմբի նպատակն է հանրությանը նաև սոցցանցերում իրազեկել ծրագրի աշխատանքների մասին, միաժամանակ ակնկալվում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը երկիրը մաքրելու և մաքուր պահելու գործին:
Խմբի աշխատանքի հիմքում ընկած է շատ պարզ մի սկզբունք. օգտատերերը լուսանկարում են աղբոտված վայրը և դրանք ուղարկում ֆեյսբուքյան հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով, որից հետո հնարավորինս արագ և սեղմ ժամկետներում կազմակերպվում է տարածքի մաքրման աշխատանքները: Նկարները խմբում տեղադրվում են «մինչև» և «հետո» սկզբունքով՝ այդպիսով ցույց տալով տվյալ վայրը մաքրելուց առաջ և հետո:
Ս.թ. ապրիլ-օգոստոս ամիսներին խմբում հրապարակվել է 140 վայրի լուսանկարներ և տեսանյութեր, որոնց ընդհանուր թիվը հազարից ավելի է: Ֆեյսբուքյան էջում դրանց հրապարակումից հետո աշխատելով Երևանի և բոլոր մարզերի պատասխանատու կառույցների, համայնքապետերի հետ՝ քայլեր են ձեռնարկվել աղբը մաքրելու համար: Աշխատանքների կատարումը տևել է մեկ ժամից մինչև մի քանի օր՝ կախված աղբի ծավալից և տարածքի բարդությունից:
Նշված ժամանակահատվածում ամփոփելով «Մաքուր Հայաստան» ծրագրի ֆեյսբուքյան խմբի աշխատանքը, վստահորեն կարելի է ասել, որ հանրության մեջ մարդկանց իրազեկվածությունը ծրագրի վերաբերյալ գնալով աճել է, ինչպես նաև մասնակցությունն է ակտիվացել, և գրեթե ամեն օր խումբը ստանում է նոր տեղեկատվություն: Բացի խմբում հրապարակված լուսանկարներից, ուշադրության կենտրոնում են պահվել ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ մեդիա տարբեր հարթակներում խնդրի վերաբերյալ հրապարակումները: Միայն միասնական և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է ապրել մաքուր միջավայրում և ունենալ «Մաքուր Հայաստան»:
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին և մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից արդեն փակվել են 1534-ը, փակման ենթակա են ևս 218 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մշակվել է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ նոր օրենքը, որի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Միաժամանակ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ էլ առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղբոտման տուգանքները:
«Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կարող եք գտնել ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքում բացված «Մաքուր Հայաստան» ենթաբաժնում: Հատուկ ստեղծվել է http://map.transproject.am/ կայք-էջը, նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Լուսանկարներում ներկայացված են Երևանում և մարզերից մեկից «մինչև» և «հետո» սկզբունքով ստացված լուսանկարների օրինակները: