կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-29 16:44
Հասարակություն

2029 աղբանոցից փակվել են 1534-ը. ամփոփվել են համապետական շաբաթօրյակի արդյունքները

2029 աղբանոցից  փակվել են 1534-ը. ամփոփվել են համապետական շաբաթօրյակի արդյունքները

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը ամփոփել է  «Մաքուր Հայաստան» ծրագրի երկրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները:
Նախնական տվյալների համաձայն, ս.թ. հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքում ՀՀ մարզերում փակվել են 50 աղբանոց, կատարվելու  են կուտակված աղբի տեղափոխման աշխատանքներ:

Այսպիսով, հուլիսի 29-ին և մայիսի 27-ին կայացած  համապետական շաբաթօրյակի արդյունքում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից  արդեն փակվել են 1534-ը, փակման ենթակա են ևս 218 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր: 

Այսօր կայացած շաբաթօրյակին ՀՀ մարզերից և Երևանից  մասնակցել է շուրջ 100 հազար քաղաքացի, աշխատանքների կազմակերպման նպատակով  ներգրավվել են 1342 տեխնիկա, մասնավորապես` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր: Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով նախապես ստեղծվել էին շաբաթօրյակի քարտեզները՝ ըստ համայնքների, սահմանազատվել  մաքրման ենթակա տարածքները:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարությունը  շնորհակալություն է հայտնում շաբաթօրյակին մասնակցած մեր քաղաքացիներին, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ և արժանապատիվ աշխատանքով կրկին մեծ ներդրում ունեցան «Մաքուր Հայաստան»-ի գաղափարի տարածման մեջ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն