կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-25 18:39
Հասարակություն

2029 աղբանոցից 693-ը փակվել է. «Մաքուր Հայաստան»-ի հաջորդ փուլը` մայիսի 27-ին

2029 աղբանոցից 693-ը փակվել է. «Մաքուր Հայաստան»-ի  հաջորդ փուլը` մայիսի 27-ին

Մայիսի 25-ի դրությամբ` քարտեզագրված 2029 աղբանոցներից /բացի Երևանից/ արդեն իսկ փակվել է 693-ը, փակման աշխատանքներ են տարվում 268 աղբանոցում: Նախատեսվում է փակել ևս 96 աղբանոց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը:

Ի դեպ, այսօր ՏԿԶՆ-ում տեղի ունեցավ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը` մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակին ընդառաջ:

Բախշյանը նշեց, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի նախապատրաստական փուլն ավարտված է, այժմ ընթանում են ուղղիչ փուլի աշխատանքները, դա ենթադրում է չթույլատրված տարածքներում արձանագրված աղբանոցների փակում և վերացում:

«Հույս ունենք, որ մայիսի 27-ի շաբաթօրյակը հարվածային աշխատանք կլինի, որի միջոցով էլ արձանագրված աղբանոցները կվերացնենք: Չնայած ընթացիկ վիճակը ցույց է տալիս, որ չենք կարողանում զերծ մնալ փակված աղբավայրերի տեղում կրկին աղբի կուտակումից: Դրա համար էլ պետք է ցուցանակներ, աղբամաններ տեղադրվեն հենց այն վայրերում, որտեղից վերացվել են աղբավայրերը:  Հիմա բանակցությունների մեջ ենք` նոր աղբամանների պատվեր իջեցնելու համար»,- ասաց Բախշյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ թեև աղբավայրերի մեծ մասն այժմ վերացվում է, չեն կարող երաշխավորել, որ նոր կուտակումներ չեն լինի: Բացի այդ, ըստ նրա, կան խնդիրներ, որոնք արձանագրված չեն, ուստի այնպես չէ, որ մայիսի 27-ի շաբաթօրյակից հետո մաքրության խնդիրն ամբողջությամբ լուծված է լինելու:

«Համապետական շաբաթօրյակը եզակի հնարավորություններից մեկն է, որը պետք է օգտագործել և համախմբել բոլորիս ուժերը: Պետք է հանկարծ այնպես չստացվի, որ մեծ աղմուկ բարձրացրինք, ու ոչինչ չարվեց: Տեղանքների մաքրման աշխատանքները պետք է շատ կազմակերպված լինեն:  Ես ռոմանտիկ չեմ, որ մտածեմ` հենց մայիսի 27-ին ամբողջ աղբը վերանալու է, չէ, բայց այդ օրը պետք է համախմբված աշխատենք դրա դեմ: Այսինքն` առիթը պետք է օգտագործել և իրավիճակը փոխել»,- ասաց Տերտերյանը:

Նա նշեց նաև, որ հանրապետության բոլոր համայնքները մասնակցելու են համապետական շաբաթօրյակին: Տերտերյանի հավաստմամբ` հանրապետական գործադիր իշխանության տարածքային ստորաբաժանումների հետ իրականացվում է աշխատանքների համադրում, և արդեն կազմվել են մաքրման ու բարեկարգման աշխատանքների սխեմաները: «Մաքուր Հայաստան»-ի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի հավաստմամբ` այս օրերին նախապատրաստվում են նաև տրանսպորտային միջոցները՝ աղբահանման գործում բեռնատար ավտոմեքենաների և տեխնիկայի ներգրավման համար:

Նիստի ժամանակ բոլոր մարզերի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց մարզերում տիրող իրավիճակը` նշելով, որ ակտիվորեն տարվում են աշխատանքներ աղբավայրերի վերացման ուղղությամբ, իսկ մայիսի 27-ին պատրաստվում են գործի դնել բոլոր հնարավորությունները` տեխնիկա, մարդկային ներուժ:

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, օրինակ, նշեց, որ մարզում աղբավայրերի հեռացման գործում իրենց աջակցում է ինչպես պաշտպանության նախարարությունը, այնպես էլ ոստիկանությունն ու «Ճանշինը»:  «Սակայն մարզում կան խնդիրներ, այսինքն` աղբավայրեր, որոնք մեր ուժերով ի վիճակի չենք վերացնել: Նման աղբավայր է առաջացել Սպիտակի երկրաշարժից քանդված շենքերի շինաղբից, կամ էլ` Ալավերդի-Ախթալա կոմբինատների պոչամբարներից դուրս բերված աղբը: Սրանք վերացնելու համար լրացուցիչ միջոցներ են պետք և ֆինանսական աջակցություն»,- ասաց Թադևոսյանը:

Արագածոտնի մարզի ներկայացուցիչն էլ նշեց, որ ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ նույն տեղում նորից աղբ են լցնում, և փոքր համայնքներում չկան աղբավայրեր: Համապետական շաբաթօրյակի ժամանակ մարզում գործի կդրվի 120 ինքնաթափ մեքենա և 80 բարձիչ տեխնիկա:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ, շաբաթօրյակին ընդառաջ, համաքաղաքային խորհրդակցություն է հրավիրվել: «Բոլորին տրվել է սխեմա, և ըստ այդմ` պետք է մաքրվեն բակային ու ընդհանուր օգտագործման վայրերը` Հրազդանի կիրճը, Երևանյան լճի հարակից տարածքը… Շինարարական կազմակերպություններից լրացուցիչ տեխնիկա ենք ուզել, ինչպես նաև գործիքներ ենք պատվիրել` բահեր, ձեռնոցներ: Մեր խնդիրը մարդկանց այն կետին հասցնելն է, որ քաղաքը չկեղտոտեն: Ի դեպ, շաբաթական մի քանի տասնյակից ավելի վարչական տուգանքներ ենք նշանակում ֆիզիկական և իրավաբանական անձանց»,- ասաց նա:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ նշեց, որ կան մի շարք հուշարձաններ, որոնց տարածքում նույնպես աղբահանման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն է զգացվում: Ըստ նրա` մաքրման կարիք կա Գառնու կիրճում, Խնձորեսկում, Հալիձորում…

Հավելենք, որ քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու համապետական  շաբաթօրյակին, պարզելու, թե իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում, կարող են զանգահարել  ՀՀ բոլոր մարզպետարաններում և Երևանում գործող հետևյալ հեռախոսահամարներով:

Երևան-011514176

Շիրակի մարզ- 0312-3-26-10

Տավուշի մարզ-094-55-56-57

Լոռու մարզ-0322-4-35-33

Արագածոտնի մարզ-0232-3-37-74

Կոտայքի մարզ-0223-2-73-01

Գեղարքունիքի մարզ-093-63-62-47

Արարատի մարզ-0235-2-34-65

Արմավիրի մարզ-0237-2-10-03

Վայոց ձորի մարզ-0281-2-30-61

Սյունիքի մարզ-0285-4-38-40