կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-01 11:19
Քաղաքական

Համայնքի բյուջեն ավելացնելու մոտիվացիա չի եղել. վարչապետ

Համայնքի բյուջեն ավելացնելու մոտիվացիա չի եղել. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ` Լոռու մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները: 

Վարչապետը անդրադարձել է մարզերի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման հարցին:  «Մարզային իշխանությունը պետք է հասկանա մարզի առավելությունները՝ որո՞նք են տնտեսական վիճակի օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառները, ինչի՞ հիման վրա պետք է տնտեսական աճ ապահովենք, ինչո՞վ կարող ենք իրենց օգնել: Յուրաքանչյուր մարզի ռազմավարությունը քննարկել ենք, բայց անհրաժեշտ է այս հարցադրումներին ևս մեկ անգամ անդրադառնալ»,- ասել է վարչապետը: 

Համայնքների բյուջեների կատարողականի առնչությամբ Կարեն Կարապետյանը նշել է, որ թերպլանավորման տեղ կա, որովհետև համայնքի բյուջեն ավելացնելու մոտիվացիա չի եղել: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է Լոռու մարզպետին՝ ներկայացնել համեմատական վերլուծություն համայնքների բյուջեների պլանավորման և կատարողականի վերաբերյալ:

Վարչապետը հետաքրքրվել է նաև մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքից և ծանոթանալով կատարվող քայլերին՝ հանձնարարել է լինել խիստ հետևողական «Մաքուր Հայաստան»-ի իրականացման գործում, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել ավելի կազմակերպված ու հնարավորինս արագ: «Մեր ուզածն այն է, որ մեր քաղաքացին նորմալ ապրի: Համայնքային կառավարումը չափազանց կարևոր է: Որքան էլ կառավարությունում խելոք բաներ մտածենք, եթե համայնքը տեղում չաշխատեց, դա կոպեկի գին չի ունենա, որովհետև քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում, իր համար համայնքային իշխանությունն է պետության արտացոլումը», - ասել է կառավարության ղեկավարը: