կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-26 17:50
Իրավական

Եթե պարզվի, որ դեպքից հետո Պերմյակովին թաքցրել են, փոխոստիկանապետը հրաժարակա՞ն կտա

Եթե պարզվի, որ դեպքից հետո Պերմյակովին թաքցրել են, փոխոստիկանապետը հրաժարակա՞ն կտա

Այսօր լրագրողները ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցին` եթե Գյումրու սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայտնաբերել են սահմանը խախտելիս, ապա ինչո՞ւ նրա նկատմամբ սահմանը խախտելու կամ խախտելու փորձ կատարելու փաստով մեղադրանք չի առաջադրվել:

 

«Նախաքննությամբ առայժմ ձեռք բերված տվյալներով`  նրան մինչև սահմանը խախտելն են ձերբակալել, մոտեցել է արգելագոտուն, որից հետո ձերբակալվել է, սակայն ստույգ կարող է ասել նախաքննական մարմինը»,- ասաց նա: Ոստիկանապետի առաջին տեղակալի խոսքով` այդ հանգամանքը նախաքննական մարմնի գնահատման խնդիրն է: «Եթե բավարար տվյալներ լինեն, ապա կարծում եմ` այդ հանցակազմով մեղադրանք կառաջադրվի»,- ասաց նա:

 

Նշենք, որ այս ընթացքում շրջանառվում է նաև այն վարկածը, որ նա դեպքից հետո վերադարձել է զորամաս: Խոսակցություններ կան, որ Պերմյակովին թաքցրել են` մինչ դեպքի համար Ռուսաստանից ժամանած պատվիրակությունը կհասներ Գյումրի: Այսինքն` սահմանը խախտելու պատմությունն իրավապահներն են հորինել, որ պատրանք ստեղծվի, թե նրան փորձել են փնտրել: Ավելին` սահմանամերձ Բայանդուրի և Երազգավորսի գյուղացիները հայտնել էին, որ անհնար է` այդ տարածքներով մարդ անցնի, և որևէ մեկը նրան չնկատի:

 

Այդ կապակցությամբ yerkir.am-ը փոխոստիկանապետից հետաքրքրվեց, որ եթե պարզվի, որ Պերմյակովին սահմանից հայտնաբերելն ու ձերբակալելը կազմակերպված շոու էր, որպես օպերատիվ խմբի ղեկավար` նա պատրա՞ստ է հրաժարական ներկայացնել:

 

«Դուք ենթադրություների ոլորտից եք խոսում: Չեմ հասկանում` ի՞նչ եք ասում, նախաքննություն է ընթանում, և նախաքննության ընթացքում ձեր տված հարցերի պատասխանները մենք ունենալու ենք: Դուք խոսում եք հրաժարականի մասին, ի՞նչ հրաժարական: Դուք էմոցիաներով եք շարժվում, մենք` նախաքննական փաստերով: Եթե բաներ կպարզվի, մեղավորները կպատժվեն, այդ թվում` նաև ես»,- ասաց նա: