կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-19 16:57
Քաղաքական

Համայնքների խոշորացման գործընթաց պետք է ավարտվի 2019 թվականին

Համայնքների խոշորացման գործընթաց պետք է ավարտվի 2019 թվականին

Հայտնել ենք, որ գործադիր մարմինը հավանություն է տվել կառավարության ծրագրին, և այն կներկայացվի Ազգային ժողով: Հայտնի է, որ ԱԺ-ն ծրագիրը կքննարկի հունիսի 21-ին:

Ըստ ծրագրի`համայնքների զարգացման անհամաչափությունների նվազեցման նպատակով հանրապետությունում ձևավորվել և սկիզբ է առել մարզային ու համայնքային ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը, որը պետք է կրի շարունակական բնույթ:

Եվ այսպես` տարածքային կառավարման բնագավառում ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտն ընդունել ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունները և առաջին գործառնական ծրագիրը: Կարևորվելու է պետություն-համայնք-մասնավոր հատված գործընկերության մեխանիզմները:

Ծրագրով նախատեսվում է 2018-2022 թվականների ընթացքում շարունակել սահմանամերձ համայնքներում իրականացվող սոցիալական ու տնտեսական աջակցության ծրագրերը։

Կառավարության ծրագրում նշվում է, որ 2019 թվականին արդեն պետք է ավարտվի համայնքների խոշորացման գործընթացը, և անդրադառնում է, թե խոշորացման ծրագրին զուգընթաց ինչ փոփոխություններ պետք է իրականացվեն: Մասնավորապես`  նշվում է`խոշորացման գործընթացին զուգընթաց զարգացնել ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները:

Նախատեսվում է  ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները: Այս համատեքստում պլանավորվում է` 2017-2022 թվականների ընթացքում հետևողականորեն ավելացնել համայնքի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտների բաժնեմասը:

Կառավարությունը չի անտեսել և ծրագրում ներառել է, թե ինչ միջոցներով պետք է համայնքներում զարգացնել գործարարությունը: Նախատեսվում է ՀՀ տարածքներում գործարարության զարգացման նպատակով 2017-2022 թվականների ընթացքում պետական և ֆինանսական կառույցների հետ համատեղ անցկացնել դասընթացներ ներդրումային ծրագրերի մշակման և բիզնես-ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: