Համայնքների խոշորացման հարցի քննարկումն սկսվել է դեռևս իմ նախագահության տարիներին։ Բայց մի փոքր աշխատելուց հետո որոշեցինք չշարունակել, որովհետև մի շարք հարցեր էին առաջանում, որոնց պատասխաններն ուղղակի չկային։ Հատկապես անհասկանալի իրավիճակ էր ստեղծվում մեծ գյուղերի պարագայում․ ինչո՞ւ պետք է մեծ, կայացած գյուղը մի հատ էլ խոշորացված համայնքի մեջ ներառվի. այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ մայիսի 26-ին Կոտայքի մարզի քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ:
«Կարծում եմ՝ պետք է վերանայել խոշորացման գործընթացը, շտկել թույլ տրված սխալները և հասկանալ՝ շարունակո՞ւմ ենք, թե՝ ոչ, որովհետև բազմաթիվ խնդիրներ են առաջանում», - նշել է նա:
Քաղաքացու երկրորդ հարցին՝ ո՞րն է լինելու Ռոբերտ Քոչարյանի առաջին քայլը՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է. «Վարչապետ դառնալուց հետո առաջին հերթին կձևավորեմ կառավարություն՝ կազմում ներառելով արհեստավարժ մարդկանց։ Առաջինը՝ նոր կառավարությունը պետք է գնահատի պետությանը հասցված վնասի չափը։ Այսօր այն վիճակում ենք, երբ ոչ մեկը չի հավատում վիճակագրությանը, և հնարավոր չէ հավատալ եթե երկրի ղեկավարն ամեն օր ստում է, իսկ հինգ րոպե հետո այդ ստի վրա բռնվելուց ասում ՝ ո՞վ, ե՞ս։ Իսկ կառավարման մոդելը հիմնված է լաչառության և հրահանգների վրա։ Սա կառավարման ձև չէ։ Այդ պատճառով առաջնային եմ համարում վիճակի ճիշտ գնահատումը, ախտորոշումը տալ, հետո շարժվել առաջ։ Պետք է վերականգնել կառավարելիությունը, լուծել սահմանների անվտանգության հարցը»։