կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-01 12:09
Քաղաքական

Համայնքների խոշորացման գործընթացը շարունակվում է

Համայնքների խոշորացման գործընթացը շարունակվում է

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներառել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին  նախագծերի փաթեթին հավանություն տալու հարցը, որը սահմանված կարգով պետք է ներկայացվի ՀՀ ԱԺ:

Դեռ 2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության էր արժանացել «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգը: Դրանով ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվեց նաև այլ փաստաթղթեթում, մասնավորապես`, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն:

Սույն թվականի փետրվարի 14-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանով մեկնարկ տրվեց համայնքների խոշորացման պրակտիկ փուլին:

ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ևս 13 պիլոտային ծրագիր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ,  ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքային փնջերում: Այդ փնջերը ձևավորվելու են հետևյալ կազմերով`

ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ՝ Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սիփան (թվով 11)

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ՝ Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Սադունց, Վարդաբլուր (թվով 11)

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր (թվով 9).

ՀՀ Շիրակի մարզի Աշոցք՝ Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար (թվով 11).

ՀՀ Շիրակի մարզի Արփի՝ Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ (թվով 9).

ՀՀ Շիրակի մարզի Սարապատ՝ Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար (թվով 15)

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս՝ Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ (թվով 10).

 ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի՝ Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն (թվով 13).

 ՀՀ Սյունիքի մարզի Գորայք՝ Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան (թվով 4).

 ՀՀ Սյունիքի մարզի Տեղ՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն (թվով 7).

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք՝ Վայք, Ազատեկ, Արին, Զեդեա, Փոռ (թվով 5).

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ՝ Ջերմուկ, Գնդևազ, Կարմրաշեն, Հերհեր,  (թվով 4):

ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ՝ Զառիթափ, Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս (թվով 9),

Ըստ այդմ` կսահմանվի  վերոնշյալ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամկետը, ինչպես նաև այդ ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը, մասնավորապես` 2016 թվականի հոկտեմբերի 2-ին անցկացնել համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: