Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մասնագիտական կողմնորոշման հարցում լուրջ խնդիր ունենք. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:
Ըստ նրա` ծնողները հաշվի չեն առնում երեխաների նախասիրություններն ու անձնային որակները, ինչպես նաև թյուր կարծիք ունեն միջին մասնագիտական կրթության մասին: Գևորգյանի կարծիքով` ծնողները խորհրդային ժամանակներից մնացած մտածողությամբ են առաջնորդվում, թե իրենց երեխան պարտադիր պետք է բարձրագույն կրթություն ստանա ու ինչ-որ գրասենյակում աշխատի:
«Աշխատաշուկան այլ պահանջներ ունի. չի կարող լինել 100 մենեջեր և 1 բանվոր: Բացի այդ` դպրոցներում երեխաներին կողմնորոշելու համար համապատասխան աշխատանքներ չեն տարվում, քանի որ բոլոր դպրոցները չէ, որ ունեն նման մասնագետներ: Մենք նաև այլ լուրջ խնդիր ունենք` ներքին միգրացիա, քանի որ գյուղում մեծացած, բայց Երևանում սովորած երեխան չի ուզում գյուղ վերադառնալ` աշխատելու: Սա գյուղատնտեսության զարգացմանը կարող է լրջորեն վնասել»,- ասաց Գևորգյանը:
Նախորդ տարվա տվյալներով, ըստ մասնագետի, երիտասարդների 32,4 տոկոսը ոչնչով չի զբաղվում, ինչը հսկայական թիվ է:
Գևորգյանը տեղեկացրեց, որ իրենք մասնագիտական կողմնորոշման դասընթացներ են իրականացնում մարզերի և Երևանի 200 դպրոցներում: Հարցումները ցույց են տալիս, որ դասընթացներին մասնակցողների շրջանում երկրից մեկնել ցանկացողների թիվն էականորեն քիչ է` այդ դասընթացներին չմասնակցած երիտասարդների շրջանում արված հարցման արդյունքի համեմատ:
«Աշխարհն այժմ գնում է պահանջված կարողությունների հետևից, այլ ոչ թե` պահանջված մասնագիտությունների, քանի որ այդ պահանջված մասնագիտությունները շատ արագ կարող են հնանալ: Մեզ մոտ տեղեկացվածության պակաս կա, մասնագիտական կողմնորոշվածության վերաբերյալ, դպրոցից սկսած, պետք է ինֆորմացիա տրամադրել»,- ասաց Գևորգյանը: