կարևոր
7228 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-24 23:39
Հասարակություն

Ռազմավարական կողմնորոշման հրամայականը

Ռազմավարական կողմնորոշման հրամայականը

Կասկածից վեր է, որ ներկայումս Հայաստանը գտնվում է ոչ թե սովորական, թեկուզև խոր ճգնաժամի մեջ, այլ գոյատևման սպառնալի մարտահրավերի դեմ հանդիման։ Վտանգված է հայ ժողովրդի պետականությունը, իսկ դրա հետ մեկտեղ և ապրելու իրավունքը։ Պարզից էլ պարզ է, որ ժողովրդական հզոր ալիքի վրա իշխանության եկած անձինք ու նրանց հաջորդած առանց բացառության բոլոր ղեկավարները չկարողացան կամ չուզեցան անկախության՝ մեզ ընձեռած եզակի հնարավորությունը օգտագործել ի նպաստ անվտանգ, բարգավաճ, բազմակողմանի զարգացման հեռանկարներ ունեցող երկրի հիմնադրման ու ամրապնդման։

Հայկական երիտասարդ պետականության ձախողումների պատճառները քննելիս՝ հարկ է անդրադառնալ այնպիսի հանգուցային հիմնախնդիրների, որպիսիք են ազգային շահ, անկախություն և ինքնիշխանություն, անվտանգություն, ռազմավարական գործընկերոջ ընտրություն, առաջադեմ լիբերալ արժեքներ ու դրա հակոտնյան՝ ազգային գաղափարախոսության վրա խարսխված պահպանողականություն։

Փորձենք մեկ առ մեկ հակիրճ մեկնաբանել այս հիմնարար հասկացությունները՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու տեսանկյունից։

Ազգային շահ

Ժամանակին Մեծ Բրիտանիայի վարչապետ լորդ Փալմերսթոնն ասել է, թե Բրիտանիան չունի հավերժական դաշնակիցներ և չունի մշտնջենական թշնամիներ, և թե հավերժ ու մշտնջենական են միմիայն երկրի շահերը։ Տպավորիչ խոսքեր, որոնք հաճախակի են մեջբերվում և, կարծես, դարձել են անառարկելի ճշմարտություն։ Սակայն հարցն այն է, թե տվյալ երկրի ղեկավարությունը ինչն է համարում ազգային շահ և ինչպիսի քաղաքականություն է որդեգրում այդ շահերը լավագույնս պաշտպանելու նպատակով։

Դիտարկելով մի շարք պետությունների թեկուզ վերջին ժամանակաշրջանում ընդունված ռազմավարական քաղաքական որոշումների տրամաբանությունը՝ գալիս ենք այն համոզման, որ երկրի շահերը նույնպես մշտական չեն, այլ ենթակա են իշխող վերնախավի մեկնաբանությանը և դրանից բխող արմատական փոփոխություններին։

Բերենք մի քանի ակնառու օրինակ։ Նույն Մեծ Բրիտանիան կատարեց ռազմավարական կտրուկ շրջադարձ՝ որոշում ընդունելով դուրս գալ Եվրոպական Միությունից։ Քաղաքական գործիչները, իսկ 2016թ․ հանրաքվեն ցույց տվեց, որ հասարակությունը նույնպես, բաժանվել էին երկու ճամբարի, որոնցից յուրաքանչյուրը տրամագծորեն հակառակ պատկերացումն ուներ իրենց հայրենիքի շահերի վերաբերյալ։  Նույնպիսի տրամագծորեն հակառակ շահեր են հետապնդում հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները ԱՄՆ-ում։ Եթե հանրապետական Թրամփը հրապարակ էր նետել «Նախ և առաջ Ամերիկան» կարգախոսը, դեմ էր երկրի ակտիվ մասնակցությանը ՆԱՏՕ-ին և մի շարք միջազգային կազմակերպությունների, ապա դեմոկրատ Բայդենը հայտարարեց, թե Ամերիկան վերադարձել է, դիվանագիտությունը վերադարձել է՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի գերակտիվ դերը միջազգային ասպարեզում։ Ազգային շահի միանգամայն հակառակ պատկեր են ներկայացնում Ելցինի և Պուտինի ռազմավարական մոտեցումները։ Եթե անկախ Ռուսաստանի առաջին նախագահի քաղաքականության հիմքում ընկած էր ամենաթողությունն ու արևմուտքի հետ կայուն հարաբերություններ զարգացնելու ձգտումը անգամ ազգային արժեքները անտեսելու հաշվին, ապա  երկրորդ նախագահի քաղաքական սլաքներն ուղղված են կորսվածը ետ բերելու, այն է՝ երկրի երբեմնի ազդեցությունը «մերձակա արտերկրում» ու դրանից անդին տարածելու նպատակին։

Նույն պատկերն է նաև Հայաստանի պարագայում։ Թեև արևմուտքի և Ռուսաստանի անհաշտ հակամարտության բացակայության պարագայում Հայաստանը կարողանում էր տևական մի մրջոցի բնականոն հարաբերություններ պահպանել և Ռուսաստանի, և թե Եվրոպական Միության ու ՆԱՏՕ-ի հետ, երկրի անվտանգության և տնտեսական զարգացման առումով վճռորոշ էր առաջինի դերը։ Նշենք 1997թ․ Հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Եվրասիական տնտեսական միությանը և այլն։

2018թ․ իշխանափոխությունից հետո Հայաստանի ռազմավարական ուղղվածությունը ենթարկվում է արմատական փոփոխության։ Եվ իրոք, նոր իշխանությունների քաղաքական որոշումների թեկուզ մակերեսային դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ ազգի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում, որպիսիք են անվտանգությունը, արժեհամակարգը, ստրատեգիական դաշնակիցների ընտրությունը, նրանց նպատակն էր Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շրջել դեպի արևմուտք։

Սակայն նման շրջադարձ իրականացնելու համար անհրաժեշտ էր լուծել երկու անիրականալի թվացող խնդիր․ Արցախի հիմնահարցի կարգավորում հօգուտ արևմտյան առանցքի և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում։ Այս նպատակներին հասնելու միայն մի ուղի կար․ ձեռնարկել արտակարգ քայլեր, որոնց հետևանքները դառնային անառարկելի փաստարկ՝ հասարակության աչքում արդարացնելու ռազմավարական այս կտրուկ փոփոխության անհրաժեշտությունը։ 

Հենց սրանով են բացատրվում նոր իշխանությունների՝ առաջին հայացքից արտառոց հայտարարություններն ու մոտեցումները Արցախի հիմնախնդրում, 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդող ադրբեջանական տարածքային ձեռքբերումները արդեն Հայաստանի Հանրապետության հաշվին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու ջանքերը, ՀԱՊԿ-ի անդամակցության արժեզրկումը, հակառուսական քարոզչությունը, արևմտյան արժեքների ներթափանցումը կրթական և մշակութային համակարգ և այլն։

Այսպիսով, եթե համեմատելու լինենք ներկայիս և նախորդ իշխանությունների քաղաքականությունը, կհանգենք այն անվիճելի եզրակացությանը, որ գոնե Արցախի և ռազմավարական գործընկերոջ հարցերում գործ ունենք ազգային շահի տրամագծորեն հակառակ մեկնաբանության ու իրականացման հետ։

Այսպիսով, չկա օբյեկտիվ ազգային շահ, կան սուբյեկտիվ մոտեցումներ ազգային շահը սահմանելու հարցում։ Այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում, թե չկան իշխանությունների ռազմավարական որոշումները գնահատելու օբյեկտիվ չափանիշներ։ Դրանք, անշուշտ, գոյություն ունեն։ Նշենք երկու ամենաէական չափանիշները, որոնց պահպանումը պետք է դրված լինի ցանկացած երկրի և իշխանության քաղաքականության հիմքում․ դրանք են՝ ազգի անվտանգությունը և սոցիալ-տնտեսական բարօրությունը։ Ցանկացած իշխանությունների, այդ թվում և Հայաստանի ներկայիս վարչակարգի գործունեության գնահատականը պետք է հենվի այն հանգամանքի վրա, թե նրանց քաղաքականությունը որքանով է համապատասխանում այս երկու չափանիշներին։

Անկախություն և ինքնիշխանություն

Ինքնըստինքյան հասկանալի է, որ միայն անկախ պետականության պայմաններում է, որ հնարավոր է ընդունել ինքնիշխան ռազմավարական որոշումներ, որոնք լավագույնս կծառայեն վերը նշված երկու գերագույն խնդիրների՝ ազգի անվտանգության և բարօրության անշեղ ապահովմանը։

Սրանով հանդերձ, քիչ չեն դեպքերը, երբ ինքնիշխան ռազմավարական որոշման ընդունումը կարող է հանգեցնել անկախության թեկուզ մասնակի կորստի։ Այս առումով դասական է Եվրոպական Միության (ԵՄ) դեպքը։ Դառնալով ԵՄ անդամ՝ տվյալ երկիրը կազմակերպության կենտրոնական մարմիններին է զիջում ցանկացած պետության կենսագործունեության համար այնպիսի կարևորագույն ոլորտների տնօրինությունը, որպիսիք են, ի թիվս այլոց,  օրենսդրական, դրամա-վարկային, տնտեսական և առևտրային ոլորտները, արտաքին քաղաքականության համակարգումը։

Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, ապա ներկայումս Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրների ճնշող մեծամասնությունը ապավինում է Հյուսիս-Ատլանտյան Պայմանագրի Կազմակերպությանը (ՆԱՏՕ), և փաստորեն, այս հարցում բացարձակապես կախված է ԱՄՆ-ից։ Այս իրողությունը մեկ անգամ ևս հաստատվեց 2022թ․ հունիսին Մադրիդում կայացած գագաթաժողովում, որի 30 մասնակիցներն ընդունեցին Նոր ռազմավարական հայեցակարգ։ Այն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ն, լինելով «եզակի, էական և անհրաժեշտ ատլանտյան ֆորում», կոչված է ապահովելու մասնակից երկրների անհատական և հավաքական անվտանգությունը։ Ռուսաստանի Դաշնությունը հռչակվում է դաշնակիցների անվտանգությանը սպառնացող ամենանշանակալի և ուղղակի վտանգ։ Թեև ոչ ուղղակի, բայց վտանգի աղբյուր է համարվում նաև Չինաստանը, որի «հռչակված հավակնությունները և կոշտ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր են նետում Հյուսիս-ատլանտյան կազմակերպությանը»։ Հատկանշական է, որ փաստաթուղթը տագնապով է նշում ռուս-չինական խորացող ռազմավարական գործընկերությունը և նրանց փոխլրացնող փորձերը՝ խարխլելու կանոնների վրա հիմնված աշխարհակարգը և արևմտյան արժեքները։

Ակներև է, որ Ռուսաստանի Դաշնության հետ որակապես նոր ավելի սերտ հարաբերությունների հաստատումը Միութենական Պետությանը անդամակցելու միջոցով կբերեր զգալի զիջումների Հայաստանի անկախության և ինքնիշխանության առումով։ Բայց նույքան ակներև է, որ անվտանգության հարցում արևմտյան կողմնորոշումը նույնպես հանգեցնելու է անկախության զգալի կորստի։

Այնպես որ, հասարակությանը ներարկվող այն թեզը, թե Ռուսաստանի հետ առավել մերձեցման դեպքում Հայաստանը կկորցնի անկախությունը ճշմարտության միայն կեսն է, ինչը, ինչպես հայտնի է, ավելի վատ է, քան սուտը։

Ինչպես նշվեց, Հայաստանի ներկայիս իշխանությունները հենց սկզբից որդեգրել են արևմտյան առանցքի հետ ամեն գնով ռազմավարական դաշինք կնքելու քաղաքականություն։ Իհարկե, որևէ իշխանություն, ստանալով ժողովրդի քվեն, ինքն է որոշում, թե որ ուղղությամբ է շարժվելու պետությունը։ Սակայն հարցերի հարցն այն է, թե ո՞ր ուղղությունն է ի զորու ապահովելու ժողովրդի անվտանգությունը՝ արևմտյա՞ն, թե հյուսիսային։

Այս հարցին անհնար է պատասխանել առանց հաշվի առնելու այն հիրավի բեկումնային գործընթացները, որոնք տեղի են ունենում գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում, և որոնց կիզակետերից մեկն էլ Հարավային Կովկասն է։

Եվրասիական Բալկանների Կովկասյան ճակատը

Երկար ժամանակ որոշ քաղաքական և քաղաքագիտական շրջաններում տիրում էր այն թյուր կարծիքը, թե Հարավային Կովկասը չի հետաքրքրում արևմուտքին, որն այն համարում է Ռուսաստանի ազդեցության ոլորտ։ Իրականում արևմուտքի ռազմավարական ծրագրերում Հարավային Կովկասին հատկացված է կարևորագույն դերակատարում։

Այս փաստը միանգամայն հստակորեն արձանագրված է Զբիգնև Բժեզինսկու «Շախմատի մեծ տախտակ» աշխատությունում (1997), որն անվարան կարելի է անվանել ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության ուղեցույցը։ Գրքում զետեղված է քարտեզ, որը ամերիկյան ռազմավարն անվանել է «Չին-ռուսական բլոկը և երեք կենտրոնական ռազմավարական ճակատները»։ Դրանք են․ արևմտյան (Բալթյան երկրներ, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա), հարավային (Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա) և հեռավորարևելյան ճակատները։ Հարավային ճակատը Բժեզինսկին անվանում է Եվրասիական Բալկաններ՝ համեմատություն անցկացնելով Բալկաններին տրված Չերչիլի բնորոշման հետ, ըստ որի այդ տարածաշրջանը Առանցքի երկրների կոկորդիլոսի փափուկ փորատակն էր, որտեղից էլ պետք էր բացել հակահիտլերյան կոալիցիայի երկրորդ ճակատը։ Բժեզինսկու համատեքստում սա նշանակում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանին հարված հասցնել արևմուտքից և հարավից, իսկ Չինաստանին՝ հարավային ճակատի Կենտրոնական Ասիայի հատվածից։

Հատկանշական է, որ ամերիկյան հեռուն գնացող ծրագրերի իրականացման մեջ Բժեզինսկին առանցքային երկրներ է համարում Ուկրաինան և Ադրբեջանը։ Հոդվածի ծավալը թույլ չի տալիս ավելի մանրամասն կանգ առնել այս հարցի վրա, սակայն հասկանալի է, որ ներկայումս Ուկրաինայում սանձազերծված պատերազմը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանում և Արցախում բխում են ամերիկյան/արևմտյան ռազմավարությունից, որի վերջնական նպատակն է քայքայել ռուս պետականությունը։

Հարկ է ընդգծել, որ ամերիկյան այս ծրագիրը համընկնում է Թուրքիայի ծավալապաշտական հավակնություններին՝ Մեծ Թուրան ստեղծելու տեսքով։ Այս իմաստով «Զանգեզուրի միջանցքը» և Թուրանի ստեղծման պարտադիր պայման է, և թե Ռուսաստանի շուրջը արևմուտքի կողմից սանիտարական կորդոն ստեղծելու անհրաժեշտ միջոց։ Ավելացնենք, որ Թուրանը ընդգրկում է նաև Չինաստանի մուսուլմաններով բնակեցված Սինծիանի ույղուրական ինքնավար շրջանը, որն անցյալ դարի կեսերին հռչակել է իր անկախությունը «Արևելյան Թուրքեստան» անվան ներքո։ Պատահական չէ, որ Արևելյան Թուրքեստանի ազատագրության կազմակերպությունը գտնվում է հենց Թուրքիայում՝ վայելելով թուրք ղեկավարության հովանավորությունն ու աջակցությունը։  

Ամենևին անհրաժեշտ չէ ունենալ Կասանդրայի պայծառատեսությունը՝ կռահելու Կենտրոնական Ասիայի ապակայունացումը և պատերազմական գործողությունների խիստ մեծ հավանականությունն այնտեղ։ Չմոռանանք, որ Սինծիանի հատվածում Չինաստանը սահմանամերձ է, մասնավորապես, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին, ինչպես նաև Ռուսաստանին։ Բժեզինսկու նշած երեք կենտրոնական ռազմավարական ճակատներից երկուսում պատերազմը բռնկվել է, իսկ անցյալ տարվա Ղազախստանի դեպքերը, ինչպես նաև տաջիկ-ղրղզական սահմանային բախումները, թերևս, կարելի է համարել նախերգանք լայնածավալ պատերազմին ընդառաջ նաև հարավային ճակատի Կենտրոնական Ասիայի հատվածում։

Այդ են պահանջում ԱՄՆ-ի կամ, ինչպես ասում են, «հավաքական արևմուտքի» շահերը։ Ինչ խոսք, այս ամենը մատուցվում է որպես դեմոկրատական կոալիցիայի վսեմ պայքար հետադիմական ավտորիտար ռեժիմների դեմ, որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն։ Բայց իրականությունն այն է, որ կատաղի պայքար է մղվում երկու բևեռների միջև՝ «դեմոկրատական» արևմուտքի և «ավտորիտար» արևելքի միջև։ Այս երկրորդ բևեռը դեռևս գտնվում է ձևավորման ընթացքում, բայց Չինաստանի, Ռուսաստանի, ԲՐԻՔՍ-ի և դրանից դուրս այլ երկրների միավորումը թվում է ավելի քան հավանական։

Ռազմավարական գործընկերոջ ընտրություն

Այսպիսով, Հայաստանի առջև այլընտրանքը չի սահմանափակվում լոկ ռուսական կամ արևմտյան կողմնորոշմամբ։ Այլընտրանքի համատեքստը շատ ավելի ընդգրկուն է․ արևմտյան «ժողովրդավարական», թե՞ արևելյան «ավտորիտար» բլոկ։ Ըստ լայնորեն տարածված կարծրատիպի՝ պատկանելությունը ԱՄՆ գլխավորած ժողովրդավարական բլոկին նշանակում է, թե տվյալ երկրում սրբորեն հարգվում ու պահպանվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ազատ մրցակցությունն ու շուկայական հարաբերությունները, խաղաղասիրությունը և, ընդհանրապես, պայքարը հանուն ամեն բարու ու լավի։ Մինչդեռ ավտորիտար երկրները ընկալվում են որպես բռնատիրության, ազատությունների արգելափակման, աղքատության և չարիքի մարմնացում։ Բոլորս հիշում ենք Ռեյգանի՝ Խորհրդային Միությանը տված «չարիքի կայսրություն» սահմանումը։

Սակայն իրականությունը շատ ավելի բարդ է, քան այս պարզունակ մոտեցումը։ Իրականում, եթե ձերբազատվենք բոլոր մանրամասներից, թողնենք միայն մերկ ճշմարտությունը, ապա կգանք այն եզրահանգմանը, որ վերը նշված երկու համակարգերն ունեն մեկ խորքային տարբերություն, որն էլ ծնում է բոլոր մյուս տարբերություններն ու հակասությունները՝ հաճախ վերածվելով օրհասական պայքարի, ինչի ականատեսներն ենք Ուկրաինայում։

Եթե լիբերալ/ազատական համակարգի կենտրոնում մարդն է, անհատի շահերն ու ազատությունները, ապա ավտորիտար համակարգի առանցքը հանրությունն է, ժողովուրդը, պետությունը։ Հետևաբար, ժողովրդավարական երկրներում ամեն ինչ, այդ թվում նաև պետությունն ու պետական շահը, ի սպաս է դրվում անհատի շահին, իսկ ավտորիտար երկրներում ՝ ճիշտ հակառակը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանի տեղը հենց ազատական ճամբարն է ձգողականության վիթխարի ներուժ ունեցող իր հատկանիշերով․ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խաղաղություն, բարիդրացիական հարաբերություններ։ Եվ իրոք, Հարավային Կովկասում ի վերջո պիտի հաստատվեն բնականոն հարաբերություններ հարևան երկրների միջև, զարգանան ժողովուրդներին կապող տնտեսական, մշակութային, մարզական և այլ հարաբերությունները։ Ընդհանուր առմամբ, սա միանգամայն ընկալելի ու խրախուսելի մոտեցում է։ Բայց ինչպես ասում են, դժոխքը սալարկված է բարի մտադրություններով։ Եվ ուրեմն, գոյություն ունեն անհերքելի փաստարկներ, որոնք խոսում են Հայաստանի՝ արևմուտքին միանալու ռազմավարության դեմ։

Բերենք երկու հիմնական փաստարկ․ մեկը Հարավային Կովկասի տարածաշրջանային համատեքստում, մյուսը ավելի լայն առումով՝ նկատի ունենալով ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում ներկայումս տիրող միտումները արևմտյան երկրներում։

Փաստարկ առաջին

Վերը բերված հակիրճ վերլուծությունից պարզ է դառնում, որ արևմուտքը Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը իր օգտին դիտում է  միայն Հարավային Կովկասից Ռուսաստանի վտարման, շրջափակման և հետագա մասնատման տեսանկյունից։ Հայաստանի անվտանգությունը, պետականության պահպանումն ու ամրապնդումը, ամենևին չեն հետաքրքրում ոչ ԱՄՆ-ին, և ոչ էլ քաղաքակիրթ Եվրոպային։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանությունը ընդամենը պատրվակ է՝ ազդեցության ոլորտը ընդլայնելու համար։

Ինչպես որ ԱՄՆ-ի համար Ղրիմի պատկանելությունը Ուկրաինային ոչ մի առնչություն չունի միջազգային իրավունքի հետ, այլ անհրաժեշտ է ռուսական նավատորմը Սևաստոպոլից և Սև ծովից դուրս մղելու համար, այնպես էլ Արցախի պատկանելությունը Ադրբեջանին կամ Հայաստանին, ամենևին չի մատահոգում արևմուտքին։ Մտահոգողն այն է, որ քանի դեռ կա Արցախի կարգավիճակի հարց, ռուսական զորքերը միշտ էլ պատրվակ կունենան այնտեղ գտնվելու։

Բոլոր մյուս հիմնահարցերի լուծումը արևմտյան բաղադրատոմսով անհրաժեշտ է դիտարկել հենց այս տեսանկյունից։ «Զանգեզուրի միջանցք» բացելու պահանջը, ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, Մակրոնի և Միշելի միջնորդությամբ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպումը ու դրա արդյունքները, մասնավորապես, 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի թյուր մեկնաբանումը պաշտոնական մակարդակով,  հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մոտալուտ կնքման ծրագրերը, հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը՝ այս ամենը հետապնդում է տարածաշրջանից ռուսներին դուրս մղելու նպատակը Հայաստանի իշխանությունների միջոցով։ Ավելացնենք, որ սա միանգամայն ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին որպես Մեծ Թուրանի ծրագրի իրականացման անհրաժեշտ փուլ։

Արդյո՞ք այս ամենը բխում է Հայաստանի շահերից։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ներկա պայմաններում համաձայնության գալը նշանակում է հրաժարվել ցեղասպանության հիշատակը հարգելուց ու պահանջատիրությունից, մերժել Արցախի որևէ կարգավիճակ, վերջնականապես ճանաչել հայ-թուրքական սահմանները՝ ըստ 1921թ․ անօրինական Կարսի պայմանագրի։

Թերևս առավել կարևոր են ոչ այնքան տարածքային կորուստներն ու միակողմանի զիջումները, որքան այն հանգամանքը, որ իրականություն դառնալու դեպքում այս ծրագրերը խարխլելու են հայի հոգեբանական և բարոյական կերտվածքը, խորտակիչ հարված են հասցնելու նրա ինքնությանը։ Թուրքի ու ադրբեջանցու առաջ կքած և արևմտյան արժեքներով իրեն սփոփող մարդուն միայն պայմանականորեն կարելի է հայ անվանել։ Այս պարագայում ու՞մ են պետք անվտանգությունն ու բարօրությունը։ Թերևս՝ անհատին, բայց ոչ ազգին։

Ինչ վերաբերում է ռուսամետ կողմնորոշմանն ու ավտորիտար ճամբարին հարելուն, այստեղ նույնպես ամեն ինչ հարթ չէ։ Մասնավորապես, ռուսական արտաքին քաղաքականությունը նպատակ է դրել իր ազդեցության ծիրը ներքաշել Ադրբեջանը և ամեն ինչ անել Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամակցությունից դուրս բերելու, ավտորիտար բլոկում դաշնակից դարձնելու համար։ Իհարկե, մեր խորին համոզմամբ նման բան հնարավոր չէ։ Թուրքիան միշտ էլ հայտնի է եղել իր երկերեսանությամբ և հարմարվողականությամբ, այնպես որ ռուս-թուրքական հարաբերությունները կարող են ջերմ լինել այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեռնտու կլինի թուրքերին։ Մյուս կողմից, Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից տարվող հակառուսական, եթե չասենք, ռուսատյաց քաղաքականությունը ամենևին էլ չի նպաստում ռուսական դիրքորոշման փոփոխությանը հօգուտ Հայաստանի։

Սրանով հանդերձ, ռուսական կողմնորոշումը տվյալ հանգամանքներում շատ ավելի գերադասելի է, քանի որ ապահովելու է հայ ազգի ֆիզիկական անվտանգությունը և ինքնությունը։

Այժմ անցնենք երկրորդ փաստարկին, որը վերաբերում է արևմտյան երկրներում լիբերալ արժեքների խարխլմանը ։ 

Փաստարկ երկրորդ

Սկսած Ֆրանսիայի Սահմանադիր Ժողովի ընդունած «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրից», ԱՄՆ Անկախության հռչակագրից, վերջացրած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և մի շարք այլ կարևորագույն միջազգային փաստաթղթերով՝ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ուրույն տեղ են գրավել ինչպես միջազգային հանրության օրակարգում, այնպես էլ առանձին պետությունների սահմանադրություններում։  Դրանք դարձել են բարոյական, քաղաքական, իրավական ուղենիշ, որը ծառայել է որպես լակմուսի թուղթ՝ որոշելու տվյալ պետության միջազգային և ներքին օրենսդրական պարտավորվածությունների կատարման աստիճանը և հասարակության համապատասխանությունը ժողովրդավարական չափանիշներին։

Ցավոք սրտի այս վսեմ գաղափարների իրագործումը աստիճանաբար շեղվել է իր բուն նպատակից և դարձել ծխածածկույթ՝ քողարկելու ագրեսիվ քաղաքականության բուն էությունը։ Բավական է հիշել ԱՄՆ ներխուժումը Իրաք, որի շնորհիվ երկիրը, իբրև թե, հրաժեշտ էր տալու Սադամ Հուսեյնի վարչակարգին և թևակոխելու էր ժողովրդավարական զարգացման բուռն ժամանակաշրջան։ Թե որքան մարդկային զոհեր ու տառապանքներ բերեց հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքների ձեռնարկված այս արշավանքը, հայտնի է բոլորին։ Քաջ հայտնի է նաև Իրաքի ժողովրդավարության (ըստ ամերիկյան չափանիշների) աստիճանը։

Սեփական արժեքները աշխարհով մեկ տարածելու այս ամերիկյան մոլուցքը ամեն անգամ բերել է տառապանք ու ավերածություններ և ավարտվել խայտառակ պարտությամբ։ Օրինակները շատ են, այնպես որ չարժե շարունակել։

Մյուս կողմից, մարդու իրավունքների օգտագործումը  սեփական ռազմավարական շահերը առաջ տանելու նպատակով միանգամայն հասկանալի է։ Լիբերալիզմը կարելի է համարել արևմուտքի գաղափարախոսությունը և գործնական առումով տարբերություն չկա արդյոք արևմուտքը հավատում է այդ գաղափարախոսությանը, թե այն օգտագործում է որպես շղարշ։ Ի վերջո, աշխարհի համար հետևանքները նույնն են։

Եթե արևմուտքի արտաքին քաղաքական ծավալապաշտությունը գնահատվեր միայն մարդու իրավունքների գաղափարը չարաշահելու տեսանկյունից, որևէ քննադատություն կլիներ, թերևս, ոչ այնքան տեղին։ Լիբերալ կարգախոսների ներքո ամերիկացիները վարում են միանգամայն ռեալիստական քաղաքականություն, որտեղ պրոպագանդիստական հնարքները ընդունված են և կազմում են միջազգային խաղի կանոնների անքակտելի մասը։

Բայց կա մի հանգամանք, որը լիովին փոխում է պատկերը և առողջ բանականությամբ ղեկավարվող ցանկացած քաղաքական ուժի կամ անհատի պետք է  որ ստիպի մերժել ժամանակակից արևմտյան արժեհամակարգը։ Պատճառն այն է, որ այդ համակարգի հիմքում ընկած քրիստոնեական հավատքից բխող դրույթները ներկայումս խարխլվել են, իսկ մարդու իրավունքների և ազատությունների սահմանները զգալիորեն ընդլայնվել են՝ ներառելով այնպիսի նորմեր, որոնք ընդամենը երկու-երեք տասնամյակ առաջ կարող էին դիտվել որպես առնվազն հանրության պարսավանքին արժանի արարք։

Եթե որպես ուղենիշ վերցնենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ապա այստեղ նշված են հիմքային իրավունքները և հիմնարար ազատությունները, որոնք սահմանափակ են, և հենց դրա համար էլ կոչվում են «հիմնարար»։ Ի միջի այլոց, այդ փաստաթուղթը ստորագրել են ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, այսինքն, ընդունել են դրանում ընդգրկված դրույթների համամարդկային լինելը։

Վերջին երկու-երեք տասնամյակին բնորոշ մարդու իրավունքների այս աննախադեպ ընդլայնումը դարձել է անկասելի գործընթաց՝ դուրս գալով հսկողությունից։ Այն, ինչ մարդու իրավունքների տեսակետից բարոյական և էթիկական նորմերի կոպտագույն խախտում էր, այժմ համարվում է միանգամայն բնական օրինական վարքագիծ։ Խնդիրն այն է, որ այս պրոցեսը դարձել է անկառավարելի և անխուսափելիորեն հանգեցնելու է մարդու ֆիզիկական ու բարոյական կերպարին անհարիր նորանոր ազատությունների։

Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների արևմտյան տարբերակը վաղուց արդեն դադարել է համամարդկային լինելուց։ Ներկայումս գործող արևմտյան չափորոշիչները ժողովուրդների մեծ մասի համար այլևս ընկալելի չեն։ Այս մասին գրում են նաև արևմուտքի՝ գերակա հոսանքին դեմ գնացող ներկայացուցիչները։ Ֆրանսիացի հրապարակախոս Էրիկ Գեգենը, օրինակ, ասում է․ «Ներկայացնելով անժխտելի առաջընթաց անհատական ազատությունների ասպարեզում՝  մարդու իրավունքները իրականում աղտոտված են առնվազն երկու արատով։ Առաջինը ժամանակակից անհատապաշտության անարգել (ընդգծումն իմն է – Վ․Ա․) խրախուսումն է։ Երկրորդը դրանց հավակնությունն է՝ տարածվել ամբողջ մոլորակով»։

Եվ ուրեմն, Հայաստանի հարումը արևմտյան բլոկին կնշանակի, արդեն իսկ նշանակում է, հրաժարում քրիստոնեական արժեքների վրա հենված համակարգից, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունը խարսխված է դարավոր ավանդույթների, ազգային պատկանելության և հավաքական գիտակցության վրա։

*          *          *

Եթե փորձենք ի հայտ բերել այն ճակատագրական սխալը, որը Հայաստանը հանգեցրել է գոյատևական ճգնաժամի, կհամոզվենք, որ այն թույլ է տրվել նորանկախ պետության  հիմնադրման հենց սկզբում, երբ ազգային գաղափարախոսությունը հորջորջվեց կեղծ կատեգորիա։ Բոլոր աղետալի երևույթներն ու զարգացումները՝ ազգային հարստության յուրացումն ու վատնումը, տնտեսության վաշխառուացումը, ավերիչ պատերազմն ու Արցախին հասցված ծանրագույն հարվածը, հակաքրիստոնեական հոսանքների ու գաղափարների տարածումը, դարավոր թշնամու հանդեպ քծնանքը՝ այս բոլորի խորքային պատճառը պահպանողական արժեքների աստիճանական խարխլումն է, որը ներկայիս իշխանությունների օրոք հասել է իր գագաթնակետին։

Եվ ուրեմն, եթե ուզում ենք անել անհնարինը՝ պատմության անիվը շրջել ի նպաստ հայ պետականության անվտանգության և ժողովրդի բարօրության, պետք է հաղթահարենք ծառացած մարտահրավները ազգային գաղափարախոսության ներդրման, մեր պապերից ու տատերից ժառանգած պահպանողական արժեքների վերականգնման, իսկ արտաքին քաղաքականությունում նույն այդ պահպանողական արժեքները դավանող և ձևավորման փուլում գտնվող արևելյան բլոկին միավորվելու շնորհիվ։ 

Ահա թե որն է Հայաստանի ռազմավարական կողմնորոշման ներկայիս հրամայականը։

Վահրամ Աբաջյան

Քաղաքական գիտությունների դոկտոր (PhD)

Միացյալ Թագավորությունում Հայաստանի

Հանրապետության դեսպան (2001 -2002)

                                                     «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խմբի անդամ

Վիեննա, 24 փետրվարի 2023թ․