կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-15 15:05
Քաղաքական

Առաջընթաց չտեսնելը չկամություն է. Վահրամ Բաղդասարյանը՝ Սվիտալսկու հայտարարության մասին

Առաջընթաց չտեսնելը չկամություն է. Վահրամ Բաղդասարյանը՝ Սվիտալսկու հայտարարության մասին

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին  «Ընտրական զարգացումները Հայաստանում, քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովի ժամանակ թեպետ նշել է, որ, հետխորհրդային մյուս  երկրների հետ համեմատած, Հայաստանում ընտրական գործընթացները շատ ավելի լավ վիճակում են, այդուհանդերձ, կան բացթողումներ: Մասնավորապես` եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու, ընտրությունն ուղղորդելու դեպքեր: Սվիտալսկին շեշտել է, որ ԿԸՀ-ն արժանահավատ կառույց չէ, և որ հարկավոր է նրա կազմը համալրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով:

Սվիտալսկու այս դիտարկումների վերաբերյալ Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ԿԸՀ-ն իր գործառույթները շատ պարտաճանաչ կատարել է և որևէ միջամտություն ո'չ ունեցել է, ո'չ էլ կարող էր ունենալ ընտրությունների ընթացքի վրա:

«Եթե եղել են ինչ-որ նեգատիվ երևույթներ, մենք դա պետք է հետագայում նկատի ունենանք, բայց այն առաջընթացը, որը մենք ունեցել ենք այս ընտրությունների ժամանակ, չնկատելը պարզապես կարող եմ համարել չկամություն»,- ասաց Բաղդասարյանը:

Նրա կարծիքով` ընտրական պրոցեսում լուրջ առաջընթացի վկայությունն է, որ ընտրությունների օրը որևէ վստահված անձի, հանձնաժողովի անդամի կողմից բողոք չի եղել, այլ միայն դիտորդներն են որոշ դիտարկումներ արել:

«Դրա վկայությունն  են նաև Սահմանադրական դատարան դիմած ՀԱԿ-ի երեք 3 կետերը, հետընտրական պրոցեսները, երբ որևէ քաղաքական ուժ որևէ բողոքի ակցիա չիրականացրեց»,- ասաց Բաղդասարյանը, ապա հավելեց, որ եթե լինեն առաջարկություններ ընտրական հանձնաժողովի փոփոխությունների հետ կապված, ապա մյուս ընտրությունների ժամանակ նկատի կունենան և կքննարկեն:

Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենք ուրախ են, որ միջազգային կառույցները բավականին հետևողական են: «Ընտրություններից առաջ մենք քննարկել ենք, բանակցել ենք և’ Վենետիկի հանձնաժողովի, և’ բոլոր միջազգային կառույցների հետ: Մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց, որ հետևողական են և ուշադիր մեր քաղաքական զարգացումներին: Մենք ընդունում ենք նրանց դիտողությունները, բոլոր կարծիքները նկատի կունենանք հետագայում»,- շեշտեց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ սա մեր առաջին փորձն էր խորհրդարանական համակարգով ընտրություններ անցկացնելու, բայց թե' մեր հանրության և թե' միջազգային հանրության կարծիքները դրական էին: