կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-25 14:06
Քաղաքական

Իրենք իրենց խղճի դեմ պետք է պատասխան տան. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Իրենք իրենց խղճի դեմ պետք է պատասխան տան. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսրայելյանի սպանությանը և այդ կապակցությամբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Նշենք, որ այսօր ԱԺ նիստում Փաշինյանը հայտարարեց, թե այդ սպանության հետքերը բերում են ԱԺ:

Վահրամ Բաղդասարյանը հորդորեց գործընկերներին` անպատասխանատու հայտարարություններ չանել ու ծանր մեղադրանքներ չհնչեցնել, եթե չունեն ապացույցներ: «Նման ծանր մեղադրանքներով իրենք իրենց խղճի դեմ պետք է պատասխան տան: Նման հարցերը պետք է լուծվեն իրավապահ համակարգի շրջանակներում: Ես կատեգորիկ բացառում եմ Փաշինյանի մեղադրանքները: Լավ երևույթ չէ, որ ցանկացած դեպքի առիթով քաղաքական գործիչները փորձում են իրենց քաղաքական վրեժխնդրությունը լուծել, դրա մրոտելու ձև է»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ նույնապես Վահրամ Բաղդասարյանը չունի ապացույց, որ հերքում է Սամվել Ալեքսանյանի մեղավորությունը, պատգամավորը հավելեց, որ մարդկային առումով է բացառում Սամվել Ալեքսանյանի մեղավորությունը:

«Անձնական ընդդիմադիր կերպարը կերտելու համար պետք չէ անհատների քննադատությամբ ու մեղադրանքով զբաղվել, սա քաղաքական դաշտ է»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս կընդունի Սամվել Ալեքսանյանը Փաշինյանի ծանր մեղադրանքները, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Հումորով ու փիլիսոփայորեն»:

Վերջին ժամանակահատվածում դանակահարության, սպանությունների թվի աճը պատգամավորը մեկնաբանում է՝ հորդորելով դա դիտարկել համեմատության մեջ` որքա՞ն հանցագործություններ են կատարվում այլ զարգացած երկրներում: «Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ-ում օրական տեղի ունեցող մի քանի տեռորիստական ակտերը: Չկա մի երկիր, որտեղ չլինեն հանցագործություններ, սպանություններ, որևէ երկիր դրանցից ապահովագրված չէ, պարզապես իրավապահները պետք է պատշաճ ժամանակում բացահայտեն այդ հանցագործությունները»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: