Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգնություն տալ` չի նշանակում, որ հետո պետք է այդ օգնությունը շահարկել. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին:
«Օգնություն տալ` չի նշանակում անընդհատ դիտողություն անել և մեր քաղաքական խնդիրներին միջամտել: Դիտողությունները մենք ընդունում ենք, քննարկում ենք և որևէ անգամ չենք ասել, որ ամեն ինչ կատարյալ է: Մենք աշխատում ենք» - ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա:
«Անհնար է այս ընտրական պրոցեսի աճը, մյուսների համեմատ, չնկատել: Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց այնպիսի քննադատություններ հնչեցնել, ինչպես, օրինակ, ԿԸՀ գործառույթների հետ կապված, չի կարելի», - շեշտեց պատգամավորը:
Բաղդասարյանի խոսքով՝ Սվիտալսկու հայտարարություններից կարելի էր հանգել, որ կար ցանկություն ՀՀ ներքին գործերին միջամտելու:
Դիտարկմանը՝ չկա՞ր, արդյոք, դեսպանի խոսքում դիտողություն, որից կարելի էր հետևություններ անել, Վ. Բաղդասարյանն արձագանքեց. «Մենք ցանկացած դիտողությունների, քննադատությունների ականջալուր ենք և նկատի ունենում ենք: Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ դիտարկումներն ընդունեցինք, և ընտրական օրենսգրքի ժամանակ տեսաք՝ չկար մի դիտարկում, որը մենք հաշվի առած չլինենք, ընդհուպ` ցուցակների հրապարակում»:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շեշտել էր, որ ԿԸՀ-ն արժանահավատ կառույց չէ, և որ հարկավոր է նրա կազմը համալրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով, ինչին հետևել էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պատասխանը` պարոն Սվիտալսկու հայտարարությունը ներքին քաղաքական հարցերին միջամտելու որոշակի փորձ է:
Երեկ արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սվիտալսկին ասել էր, որ եթե Հայաստանում Եվրամիության ներկայությունն ու օգնությունը այլևս ցանկալի չէ, չեն պարտադրի: