Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանյան վերջին ընտրությունները ջրբաժան են լինելու, և արդեն հաջորդ ընտրություններն ավելի են գոհացնելու. այսօր «Ընտրական զարգացումները Հայաստանում, քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովի ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ, հետխորհրդային մյուս երկրների հետ համեմատած, Հայաստանում ընտրական գործընթացներն շատ ավելի լավ վիճակում են:
«Այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները Հայաստանում եղան կատարյալ, ամբողջ լրջությամբ հայտարարել, որ Հայաստանը հասել է այն մակարդակին, որը պետք է, հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը: Սա դեռևս գործընթաց է: Մենք կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ»,– ասաց նա:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ընթացքին` Սվիտալսկին նշեց. «ԵՄ նախնական զեկույցում նշվել է, որ եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու, ընտրությունն ուղղորդելու դեպքեր: Բուժհաստատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել են բժիշկները: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ծեծի են ենթարկվել, նվաստացվել: Սրանք անընդունելի երևույթներ են, որոնք պետք է վերացվեն»:
ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ Հայաստանն ԸՕ-ի քննարկման ընթացքում բավականին մեծ հաջողություն է գրանցել, քանի որ ընդդիմությունը և իշխող կոալիցիան որոշեցին նստել մեկ սեղանի շուրջ և քննարկել խնդիրները: «Բայց ուղերձը պետք է հստակ լինի: Կոնսենսուսը ԸՕ-ի շուրջ ներառել է այդ օրենսգրքի սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որ չընդունվեցին, դա, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակներն էին: Հայկական կողմը պետք է որոշի՝ արդյո՞ք այդ ցուցակները աշխատեցին, թե՞ ոչ: Սա բավականին լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է գնան կոմպրոմիսի, որ գտնեն լուծում: Ես ունեմ իմ սեփական կարծիքը դրա վերաբերյալ, ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն խնդիրը»,- ընդգծեց Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ հայերը կարիք ունեն խոր ժողովրդավարության և ազատության: «Երկու տարի Հայաստանում ապրելուց հետո համոզվել եմ՝ հայերը գենետիկորեն ուզում են ազատություն: Նրանք բավականին քաջ են՝ պայքարելու իրենց ազատության համար` անկախ նրանից, թե որտեղ է գտնվում Հայաստանը լիբերալ-ժողովրդավարական պետություն դառնալու հարցում: Գիտեմ, որ ճանապարհը դյուրին չէ, բայց վստահ եմ, որ Հայաստանն ունի ապագա: Հայաստանը կունենա ավելի գոհացնող ընտրություններ»,- ասաց Սվիտալսկին:
ԵՄ պատվիրակության ղեկավարը կարևորեց նաև հաստատությունների արժանահավատությունը: «Հայերի համար ի՞նչ է կարևոր՝ երեք բան՝ ԿԸՀ-ն, որը ոչ միայն արդյունավետ է, այստեղ հանրորեն ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել՝ ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չէ, այլ արժանահավատությունը: Խոսքը միայն փաստերի մասին չէ, այլ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ և այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահություն վայելող կառույց»,- նշեց նա: