կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-12 11:29
Իրավական

ՍԴ նախագահի թեկնածուն արդյո՞ք ունի հանրային բավարար վստահություն

ՍԴ նախագահի թեկնածուն արդյո՞ք ունի հանրային բավարար վստահություն

Ազգային ժողովը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը: Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

ԱԺ պատգամավոր Մարինա Մարգարյանը դատավորի թեկնածուից հետաքրքրվեց ` արդյո՞ք նա ունի բավարար հանրային վստահություն, որպեսզի ընտրվի ՍԴ դատավոր: Ի պատասխան` Դանիելյանը հայտնեց, որ իր համար հանրային վստահությունը բաղկացած է մի քանի բաղադրիչներից:

«Չեմ կարծում, որ հանրային կարծիքը ձևավորվում է միայն մի քանի անձանց քննադատական խոսքից, ինչը խոսքի ազատության տեսանկյունից նորմալ է: Ինձ համար անընդունելի է, երբ անձինք, ովքեր իրենց համարում են իրավապաշտպաններ, կարող են սուտ տեղեկությունների վրա հիմնված հայտարարությունները անել և սխալ վերլուծել օրենքը: Կարծում եմ` այդ արժեքներից բարձր է հանրային վստահությունը մասնագիտական ոլորտում»,- նշեց Դանիելյանը:

Դատավորի թեկնածուն ասաց, որ 2017-ին փաստաբանական համայնքն օնլայն հարթակում հարցում էր անցկացրել, ինչի արդյունքում ինքը ճանաչվել է Վճռաբեկ դատարանի` ամենաբարձր վստահության քվե ունեցող դատավոր: Դանիելյանը նշեց նաև, որ ինքը վստահություն ունի նաև երիտասարդ սերնդի մոտ` Սլավոնական համալսարանում լավագույն դասախոս է ճանաչվել:

«Եթե խոսում ենք վստահության մասին, այս բաղադրիչները նույնպես պետք է հաշվի առնենք: Հանրային վստահությունն այն երիտասարդ սերունդն է, որի դաստիարակությամբ զբաղվել եմ իմ 18 տարվա գիտամանկավարժական գործունեության ընթացքում», -ասաց նա:

Խոսելով ՀՀ սահմանադրականության հիմնական խնդիրների մասին, դատավորի թեկնածուն ասաց. «Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ-ին լայն լիազորություններ են տրվել, ընտրվելու արդյունքում իմ ներդրումը կունենամ կարևորագույն դատավարական խնդիրների վերհանման, մարդու իրավունքների ապահովման առումով»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ Ելիզավետա Դանիելյանից հետաքրքրվեց, թե նա ի՞նչ դիրքորոշում է ունեցել Վճռաբեկի վարույթում գտնված մի շարք հնչեղ գործերի վերաբերյալ, մասնավորապես` Մարտի 1-ի, Հարսնաքարի, Հաց բերողի, Գևորգ Սաֆարյանի և այլն:

Դատավորի թեկնածուն պատասխանեց, որ քվեարկության ժամանակ բացառված չէ, որ ինքն այլ կարծիք է ունեցել, քան մյուս անդամները, սակայն միաժամանակ նշեց, որ օրենքով կաշկանդված է կարծիք հայտնել դատարանում քննված որևէ գործով: