կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-29 19:55
Քաղաքական

ԵՄ-ն պատրաստ է զարգացնել համագործակցությունը համաձայնագրով նախատեսված բոլոր ուղղություններով. Պ.Սվիտալսկի

ԵՄ-ն պատրաստ է զարգացնել համագործակցությունը համաձայնագրով նախատեսված բոլոր ուղղություններով. Պ.Սվիտալսկի

Մարտի 28-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Ողջունելով ԵՄ պատվիրակության ղեկավարին` Կորյուն Նահապետյանը նշել է, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն հնարավորություններ է բացում ՀՀ-ԵՄ համագործակցության, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խորացման եւ այդ շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նշանակալի մասնակցության համար:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է դեսպանին Ազգային ժողովի կողմից ընթացիկ տարվա ապրիլին նախատեսվող համաձայնագրի վավերացման մասին եւ հույս հայտնել, որ ԵՄ անդամ պետությունները նույնպես մոտակա ժամանակահատվածում ձեռնամուխ կլինեն դրա վավերացմանը:

Կորյուն Նահապետյանը նկատել է, որ համաձայնագիրը համագործակցության լայն հեռանկարներ ունի հանձնաժողովի իրավասության ոլորտներին առնչվող մի շարք հարցերում, այդ թվում` հակամարտությունների կարգավորման եւ ճգնաժամերի կառավարման, աղետների ռիսկերի նվազեցման, սահմանների կառավարման, ոստիկանության բարեփոխումների եւ այլ հարցերում:

Դեսպան Սվիտալսկին նշել է, որ ԵՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտներ չի տեսնում քննարկվող համաձայնագրի վավերացման հարցում` ընդգծելով, որ յուրաքանչյուր պետություն ունի միջազգային պայմանագրերի վավերացման իր ընթացակարգը: Դեսպանը նաեւ տեղեկացրել է, որ հունիսից համաձայնագրի դրույթների մեծ մասն արդեն կարող է իրականացվել`  նախքան դրա վավերացումը ԵՄ անդամ պետությունների կողմից:

Պյոտր Սվիտալսկին նշել է նաեւ, որ Եվրոպական միությունը պատրաստ է զարգացնել եւ ընդլայնել համագործակցությունը համաձայնագրով նախատեսված բոլոր ուղղություններով:

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել փոխգործակցությունը համաձայնագրի արդյունավետ իրականացման, ինչպես նաեւ դրա կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության համար անհրաժեշտ հիմքերի նախապատրաստման գործում: