կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-04 15:07
Քաղաքական

BREXIT-ը ո´չ ուղղակի, ո´չ անուղղակի չի ազդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների վրա. Սվիտալսկի

BREXIT-ը ո´չ ուղղակի, ո´չ անուղղակի չի ազդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների վրա. Սվիտալսկի

Այսօր ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողներին ներկայացրեց ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության համաշխարհային նոր ռազմավարությունը, որում ամրագրված է աշխարհի այն տեսլականը, որը հարազատ է ԵՄ-ին: Ըստ դեսպանի` այսօր աշխարհը նշանակալիորեն փոխվել է, նոր մարտահրավերներ կան, դրանք անվտանգության մարտահրավերներ են, որոնք ազդում են եվրոպացիների կյանքի վրա: ԵՄ նոր ռազմավարության մեջ անդրադարձ կա նոր ռիսկերին ու մարտահրավերներին: ԵՄ-ն մտադիր է  հաղթահարել դրանք և պարզ ուղերձ հղել աշխարհին, այն է` Եվրոպան հավակնում է ավելի ուժեղ լինել` որպես աշխարհի դերակատար:

«Այս դերակատարմանը  եվրոպացիներն արժանի են, աշխարհն էլ է ցանկանում, որ  ԵՄ-ն առավել մեծ մասնակցությնւ ունենա  համաշխարհային հարցերի կառավարմանը»,- ասաց Պյոտր Սվիտալսկին` հավելելով, որ ԵՄ-ն, որպես համաշխարհային դերակատար, ունի բազմաթիվ ուժեղ կողմեր: Դրանցից է Հայաստանի համար թիվ մեկ առևտրային գործընկեր և ներդրող լինելը: Ուստի հարց է առաջանում, թե ինչպե՞ս օգտագործել ԵՄ ուժեղ կողմերը: ԵՄ-ն ցանկանում է խորացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ:

Հարցին` ինչպե՞ս է ԵՄ-ն հավակնում առավել ուժեղ դերակատար դառնալ, եթե  վերջերս Մեծ Բրիտանիան քվեարկեց ԵՄ կազմից դուրս գալու օգտին, ինչը էականորեն կազդի միության ամրության վրա, դեսպանը պատասխանեց, որ այդ հանրաքվեից հետո թե\' Մեծ Բրիտանիայում, թե\' ԵՄ-ում ընթանում է խորհելու և վերլուծելու պրոցես:

«Իմ տեսանկյունն այն է, որ այս քվեարկությունը որևէ բան չի փոխել  Հայաստանում մեր հանձնառության մեջ, մեր երկկողմ երկխոսության,  շրջանակային համաձայնագրի քննարկումների, գործընկերության գերակա ուղղությունների քննարկման, ծրագրերի իրականացման մեջ: Հայերին ուզում եմ ասել, որ այն, ինչ տեղի  ունեցավ Մեծ Բրիտանիայում, իհարկե, լուրջ բան է, բայց մեր երկկողմ հարաբերությունների վրա այն չի ազդել ո\'չ ուղղակի, ո\'չ անուղղակի ձևով»,- ասաց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին նաև հավելեց, որ կարելի է ասել`  Բրիտանիայով, թե առանց Մեծ Բրիտանիայի, միևնույն է, ԵՄ-ն պահպանում է իր առաջատար դերը: