կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-16 18:57
Հասարակություն

Հայաստանում ԵՄ ծրագրերի իրկանացման կիզակետը հաջորդ տարի Շիրակի մարզն է. Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ ծրագրերի իրկանացման կիզակետը հաջորդ տարի Շիրակի մարզն է. Սվիտալսկի

Հայաստանում հաջորդ տարի Եվրոպական միության ծրագրերի իրականացման կիզակետը Շիրակն է: Մարզում իրականացվելու են կարևորագույն ծրագրեր Եվրոպական միության օժանդակությամբ: Դրանք հիմնականում մշակույթի և ստեղծարար ոլորտներում իրականացվելիք նոր ծրագրերն են:

Այս մասին դեկտեմբերի 16-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդհանուր առմամբ, դեսպանը 2017 թվականը լավ տարի է համարում ինչպես Եվրոպական միության, այնպես էլ ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար:

 «2017 թվականին տոնում ենք Եվրոպական միության հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի համաձայնագրերի 60-ամյակը և տոնում ենք նաև Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններում նոր փուլ բացող՝ գործընկերության համընդգրկուն ու խորացված համաձայնագրի ստորագրումը: Եվ մենք համարեցինք, որ լավ կլինի գալ Գյումրի քանի որ այն շատ եվրոպական քաղաք է և միակը Հայաստանում, որ ունի Եվրոպայի հրապարակ»,-նշեց դեսպանը՝ հայտարարելով Գյումրիում և Շիրակի մարզում իրականացվելիք նոր ծրագրերի մասին:

«2018 թվականին գործողությունների ծրագրով կենտրոնանալու ենք մի քանի ուղղությունների վրա. առաջին՝ ստեղծարար արտադրական գործունեության ոլորտ, հենց այստեղ, հանգուցային ծրագիրը իրականանալու է Գյումրիում, երկրորդ՝ շուտով կստորագրենք 1 միլիոն եվրոյի պայմանագիր՝ որով ներդրումներ կկատարվեն Ամասիայում՝ բրդի արտադրության շղթայի կատարելագործման նպատակով: Այս ծրագիրը, հուսով ենք, նոր աշխատատեղեր կբացի մարզում ու խթան կհանդիսանա մարզի հյուսիսի տնտեսական զարգացման համար և երրորդ՝ շուտով կստորագրենք նոր դրամաշնորհի համաձայնագիր, որով աջակցություն կցուցաբերվի քաղաքացիական մասնակցությամբ բյուջեների կազմմանը և իրականացմանը՝ Շիրակի մարզի խոշորացված համայնքներում: Այս համայնքներին հնարավորություն կտրվի ընտրել այն ուղղություններն ու ծրագրերը, որտեղ կծախսվի Եվրոպական միության ֆինանսավորումը: Ունենք նաև փորձնական ծրագրեր Աշոցքում և Արփիում՝ ուղղված բացօթյա զբաղմունքի, ժամանցի ու զբոսաշրջության խթանմանը: Այսպիսով, Եվրոպական միության ուշադրության կենտրոնում մոտական տարվա ընթացքում կլինեն Գյումրին ու Շիրակը»,-նշեց դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ամփոփելով նաև անցած տարվա ընթացքում Եվրոպական միության ֆինանսավորմամբ Շիրակում և Գյումրիում իրականացվող ծրագրերը:

«Բավական ակտիվ տարի էր: Նշեմ միայն երկու ծրագիր՝ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ հենց այս նույն շենքում՝ ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայի բացումը, որը մեր լավագույն ծրագրերից մեկն է և երկրորդ Հայկական Կարիտասի կողմից իրականացվող հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը նպաստող ծրագիրը»:

Մինչ ճեպազրույցը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին ընդունեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Մարզային ու քաղաքային իշխանությունների ղեկավարները դեսպան Պյոտր Սվիտալսկուն վստահեցրին՝ ուրախությամբ ու պատրաստակամությամբ կլինեն Եվրոպական միության կողմից իրականացվող ցանկացած ծրագրի կողքին: Ավելի ուշ Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «էլ ավելի սերտ միություն՝ հնչյունների ներքո» խորագրով դասական երաժշտության համերգ՝ Հռոմի համաձայնագրերի 60-ամյակի կապակցությամբ:

Համերգի նախաձեռնողը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն էր՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ: Ծրագրում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի դաշնամուրային մենահամերգը և Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի ելույթը: