կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 23:29
Հասարակություն

Մենք պետք է ունենանք ներառական կրթությամբ նախադպրոցական հաստատություններ. Արտեմ Ասատրյան

Մենք պետք է ունենանք ներառական կրթությամբ նախադպրոցական հաստատություններ. Արտեմ Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 9-ին մասնակցել է Հայաստանում նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության գնահատման հետազոտության արդյունքների ներկայացմանը:

Ողջունելով «Սեյվ դը չիլդրենի» նախաձեռնությունը՝ նախարարը կարևորել է գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող քայլերը երեխաների պաշտպանության ոլորտում, որոնք հատկապես ուղղված են յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:

«Գործնականորեն մենք պետք է կարողանանք ստեղծել այդ հնարավորությունը  յուրաքանչյուր ընտանիքի համար՝ առաջին հերթին հասկանալով թե որոնք են այն պատճառները որ երեխաները հայտնվում են շուրջօրյա խնամքի հաստատությունում»,-ասել է նախարարը:

Նախարարի խոսքով՝ այս ընթացքում բավականին ուսումնասիրություններ են կատարվել, ըստ հաստատությունների, ըստ համայնքների, ըստ ընտանիքների կարիքների գնահատում է իրականացվել և հիմնականում խնդիրը երեխաների ոլորտում մատուցվող ծառայությունների ոչ մատչելիությունն է կամ շատ դեպքերում՝ բացակայությունը:

«Մենք պետք է ունենանք զարգացած այլընտրանքային ծառայություններ, մասնավորապես՝ նախադպրոցական կրթական հաստատություններ, ներառական կրթությամբ: Ներկայում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ պարոն Բաբլոյանի հետ ունեցել ենք այդ ուղղությամբ իրականացված քայլեր, և իհարկե նախարարության կողմից մշակված կոնկրետ ծրագրեր, որոնք այսօր ներառված են պետական բյուջեում»,-նշել է Արտեմ Ասատրյանը:

Ըստ նախարարի, այդպիսով շատ կարևոր խնդիր է լուծվում և մեծ հնարավորություն է բացվում հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողների համար իրենց երեխաներին ոչ թե հատուկ հաստատություն տանել, այլ ուղղակի՝ մանկապարտեզ:

Մեկ անգամ ևս կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարը վստահեցրել է , որ նման մանկապարտեզներ ստեղծելու ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ:

Ամփոփելով՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են հետազոտության արդյունքները, մասնավորապես մարզերում և Երևանում ապրող նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը նախակրթարաններում, ինչպես նաև նախադպրոցական կրթությունից դուրս մնալու պատճառներն ու սոցիալական բնութագրիչները: