կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-18 21:57
Իրավական

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն

Կրթական հաստատություններում ներառական կրթության համար առկա չեն բավարար պայմաններ, ավելին՝ վերապատրաստված չեն նաև մանկավարժները։  Այս մասին այսօր «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարներն իրենց խոսքում կարևորել են գերատեսչությունների միջև համակարգված աշխատանքը և շեշտել, որ ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է նախևառաջներառական հասարակություն։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, «Սեյվդըչիլդրեն» կազմակերպության և վերոհիշյալ նախարարությունների համատեղ կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացվել են ներառական կրթության ոլորտի հիմնախնդիրները, որոնք տեղ են գտել  Պաշտպանի զեկույցներում, ինչպես նաև հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականությունը, սոցիալական արդարության և ներառականության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները կրթության ոլորտում:

 Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ հասնել խնդիրների լուծմանը։

 Նշենք, որ  վաղ առավոտյան Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են ներառական նախադպրոցական կրթություն ապահովող Երևանի թիվ 92 մանկապարտեզ։ Նրանք քննարկել են պոլիկլինիկա-մանկապարտեզ-դպրոց ներառական մոդելով աշխատող շղթայի էֆեկտիվությունը և այլ հաստատություններում տեղայնացնելու տարբերակները։