|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Հայտնել ենք, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական գույքի» մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի նախագիծը: Խոսքը վերաբերում է 24 կազմակերպությունների մասնավորեցմանը: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ նպատակն այդ կազմակերպությունների, ինչպես նաև մի քանի բուժհաստատությունների վիճակի լավացումն է: Ըստ նրա՝ եթե սա չարվի, ապա ծայրահեղ դեպքում կունենանք մի քիչ ավելի շատ շահույթ ապահովող կազմակերպություններ, իսկ լավագույն դեպքում` տարածաշրջանում մրցունակ ծառայություններ:
Նախարարի խոսքով՝ Հայաստանի բյուջեն սուղ է, կառավարությունն իրեն շռայլություններ թույլ տալ չի կարող: Ըստ նրա՝ կան կազմակերպություններ, օրինակ՝ օնկոլոգիական հիվանդանոցը, որ եթե շուտափույթ չմասնավորեցվի, հետո արդեն այնքան մաշված կլինի, որ մասնավորեցումն էլ չի փրկի: Նախարարը հավելեց, որ տարբեր բուժհաստատությունների փակման արդյունքում նաև մարզերում կադրերի դեֆիցիտը կարող է փակվել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հետաքրքրվեց հիմնական զեկուցող` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից, թե մասնավորեցումից առաջ գոնե գիտե՞ն՝ կան ներդրողներ: Արման Սահակյանը պատասխանեց, որ գոնե նախնական ժամահակատվածում 6 տոկոսով շահութաբերություն պիտի ունենա կազմակերպությունը, իրենք հետևելու են դրան, և եթե այդ ցուցանիշներն իրական դառնան, ապա մոտ 45 միլիարդ մուտք կլինի բյուջե:
«Եթե պետպատվերը հանում ես, տեսնում ես, որ տակը նորմալ կառավարիչ չկա: Մենք հետևելու ենք այդ պրոցեսներին, որ նման խնդիրներ չառաջանան, չափորոշիչներ ենք դնելու, թե ինչպիսին պիտի կառավարիչը լինի»,- ասաց նա:
Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Եթե այդ կազմակերպություններն իրենց գործունեության ոլորտը չեն փոխելու, ապա ինչո՞ւ եք ակնկալում եք, որ շահույթ կլինի»:
Կառավարության ներկայացուցիչները շարունակեցին պնդել՝ մասնավորն ավելի արդյունավետ կկառավարի:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին նշեց, որ գոնե սրանով լուծվի մարզերի կադրային խնդիրը, որովհետև մարդիկ գալիս են Երևան ծննդաբերելու համար: Նրան էլ դուր չեկավ այն, որ այս կազմակերպությունները վաճառվում են չնայած նրան, որ ներդրողներ դեռ փաստացի չկան:
Լևոն Ալթունյանն էլ իր հերթին պնդեց, որ խոսքն առաջարկի մասին է, ներդրողները կարող են իրենց բիզնես պլանը կազմել ու գնահատել, ապա ներդրում անել: Արման Սահակյանն էլ նշեց, որ նման խնդիրները նախապես չեն լուծվում:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց. «Արդյո՞ք փնտրում են արդյունավետ սեփականատերերի, թե՞ այնքան, որ պետության գլուխն են ուզում ազատել»:
Առողջապահության նախարար Ալթունյանն արձագանքեց, որ, իհարկե, փնտրում են արդյունավետ սեփականատերերի: Առողջապահոթյան նախարարն էլ նշեց, որ այն հաստատություններն են մասնավորեցվում, որոնք ապահովում են 5%-ց քիչ շահույթ: