Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խուճապը և վախը որևէ լավ բանի չեն հանգեցնում: Արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության աճի վերաբերյալ պատկերացումները ևս պետք է լինեն իրատեսական, պետք է հասկանալ՝ որոնք են մեր ուժեղ և թույլ կողմերը. այսօր լրագրողներին ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքով՝ պատերազմն ավարտված չէ, յուրահատուկ փուլում է, և տրամաբանությունը խոսում է այն մասին, որ պետք է պատրաստ լինենք պատերազմին:
«Ապրիլյան դեպքերը դասեր քաղելուն տարան, բայց հիմա արդեն վախի մթնոլորտը, հասարակության մեջ ավելորդ տագնապ ներարկելը հոգեբանորեն թուլացնում են բոլորիս: Կհաղթի նա, ով հոգեբանորեն ավելի կայուն է: Մարտն ընթանում է ինչպես մարտի դաշտում, այնպես էլ տեղեկատվական և հոգեբանական հարթակներում»,- ասաց հոգեբանը՝ հավելելով, որ վախի զգացումը մարդկանց դրդում է միավորվել: «Արտաքին վտանգի առկայութունը համախմբում է մարդկանց: Հայերին բնորոշ է այս երևույթը, ինչն ինչպես դրական հատկություն է, այնպես էլ՝ ոչ այնքան»,- կարծիք հայտնեց նա:
Հոգեբանի խոսքով՝ անընդունելի են ավելորդ նվնվոցներն ու տագնապները:
Նալչաջյանն անդրադարձավ նաև Արցախի ՊԲ-ի՝ սահմանային իրավիճակի մասին տեղեկություն տրամադրող հաղորդագրություններին, դրանց հոգեբանական ազդեցություններին: Հիշեցնենք, որ Արցախի ռազմական ղեկավարությունն անցյալ շաբաթ հայտարարել է, որ սահմանի մասին տեղեկություններ այսուհետ տարածելու են մեկշաբաթյա հաճախությամբ կամ էլ հաղորդագրություններ լինելու են միայն արտառոց դեպքերի պարագայում: Հոգեբանի բնորոշմամբ՝ որևէ բան չկա նրա մեջ, որ հաղորդագրությունների հաճախակիությունը նվազել է: «Երբ հաղորդագրություններն ամեն օր էին լինում, բացում էինք լրատվությունը, տեսնում՝ այսքան կրակոց է եղել, զինատեսակների անուն ենք տեսնում: Իրականում մենք որևէ կապ չունենք դրա հետ, չենք հասկանում ՝ որ զինատեսակը որն է, սակայն հոգեբանորեն որքան ինֆորմացված ես, տագնապները քիչ են լինում: Այս ամենը նկատի ունենալով էլ` պետք է հասկանալ, որ բանակն այն ոլորտն է, որտեղ շատ բաց չպետք է լինի ինֆորմացիան»,- ասաց նա:
Նալչաջյանի կարծիով` ինչ-որ բան թաքցնել, զոհեր թաքցնել չի լինի, կիմանան բոլորը: «Ես չեմ կարծում, որ շաբաթը մեկ ինֆորմացիա տալը վատ է»,- նշեց նա:
Ըստ հոգեբանի՝ արտաքին աշխարհի վրա էլ որևէ ազդեցություն չի ունենա սահմանային հաղորդագրությունների՝ շաբաթը մեկանգամյա հրապարակումը: «Արտաքին ուժերը մեր հոգսերով չեն քնում ու արթնանում, դրանից շատ բան չի փոխվի, կարևորը ինֆորմացիայի ճիշտ մատուցումն է, ոչ թե հաճախականությունը, պետք է այնպես մատուցենք, որ ազդեցիկ լինի, նպատակաուղղված լինի»,- եզրափակեց Նալչաջյանը: