կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-29 21:33
Տնտեսական

Պետերբուրգյան ընկերությունները ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել

Պետերբուրգյան ընկերությունները ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել

Մայիսի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Սանկտ-Պետերբուրգի գործարար շրջանակներից կազմված պատվիրակությանը՝ քննարկելու համագործակցության հեռանկարները։ Այցը կազմակերպվել է Սանկտ-Պետերբուրգի Արտաքին կապերի կոմիտեի նախաձեռնությամբ։ Պատվիրակության կազմում էին «Возрождение», «Петербургскийтракторныйзавод», «Герофарм», «Агрополис» և այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Գյուղմթերքի պահեստավորման և իրացման «Агрополис» կենտրոնի ներկայացուցիչը նախարարին է ներկայացրել իրենց գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում և նշել, որ հետաքրքրված են հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ, մասնավորապես գյուղմթերքի և վերամշվակված սննդի ոլորտում։ Գործարարն ընդգծել է, որ «Արտադրված է Հայաստանում» պիտակով մթերքը Ռուսաստանում լուրջ պահանջարկ ունի։ Նախարար Կարայանը գործարարների  հետ քննարկել է  նաև համատեղ արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպության հիմնադրման հեռանկարները։

«Герофарм» ընկերության ներկայացուցիչը նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է դեղորայքի մշակմամբ և արտադրությամբ։ Գործարարի խոսքով՝ ընկերությունը հետաքրքրված է Մեղրիի Ազատ տնտեսական գոտում արտադրության հիմնմամբ։ Նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու առավելությունները, ինչպես նաև Հայաստանի արտոնյալ առևտրային ռեժիմների ընձեռած հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակել ներդրողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և մի շարք այլ հարցերում։

Ռուսական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են յուրաքանչյուրի հետ համագործակցության հնարավորությունները, ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ դրանք իրագործելու նպատակով: