կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-11 17:58
Քաղաքական

Լուծարված ընկերություններ, սուպերմարկետի պահեստ. Ի՞նչ գործունեություն է ծավալել նորանշնակ ՊՎԾ ղեկավարը

Լուծարված ընկերություններ, սուպերմարկետի պահեստ. Ի՞նչ գործունեություն է ծավալել նորանշնակ ՊՎԾ ղեկավարը

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական գրառումն է արել: Այս անգամ թիրախում պետական ինստիտուներն են: Հետպատերազմական երկրի առանցքային խնդիրն՝ ըստ երկրի վարչապետի պետականության և պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է: Իսկ առաջիկայում Փաշինյանի հիմնական անելիքը լինելու է պետականության և պետական ինստիտուտների զարգացումը:

Այս գրառմանը հետևող մեկնաբանություններից արդեն կարելի է հասկանալ, թե ինչ են մտածում այս մասին մեր քաղաքացիները: Բայց առաջարկում ենք մեկ օրինակով հասկանալ, թե ինչպես է մոտենում պետական կառույցներին Փաշինյանը, ինչ կադրեր է նշանակում: Այսպես, Պետական վերահսկողական մարմինը ձևավորվել է 2018-ին, այսինքն այն նոր էր ստեղծվել և «նախկինները չէին հասցրել դեռ փչացնել»:

Նիկոլ Փաշինյանն այս կառույցի ղեկավար սկզբում նշանակեց հեղափոխական Դավիթ Սանասարյանին, որը հետագայում կոռուպցիոն մեղադրանքներով պաշտոնանկ արվեց: Գործն էլ դեռ դատարանում է: Հետո մի կարճ ժամանակով ղեկավար դարձավ Արգիշտի Քյարամյանը, որի հեռանալուց հետո երկար ժամանակ այդ պաշտոնը ժամանակավոր զբաղեցրեց Տիգրան Ուլիխանյանը, որն էլ հետո էլ դարձավ ղեկավար: Օրեր առաջ էլ վերջինս ազատվեց պաշտոնից, ՊՎԾ ղեկավար նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը: ՊՎԾ նախկին ղեկավարների իհարկե կարելի է առանձին-առանձին անդրադառնալ, բայց առանձնացնենք նորանշանակ ղեկավարին:

Ռոմանոս Պետրոսյանը 2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ: 2003-2006թթ. աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում:  2006-2007թթ.- աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում: Ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ սա միակ սուպերմարկետը չէ, որտեղ աշխատել է Ռոմանոս Պետրոսյանը: Նա Երևանի սուպերմարկետներից մեկում եղել է պահեստի աշխատակից:

Պահեստից հետո Պետրոսյանի կարիերայում կտրուկ շրջադարձ էկատարվել: Նա, ըստ իր պաշտոնական կենսագրության, 2007-2008թթ. ժամանակավորապես տեղափոխվել  է ՌԴ և աշխատանքի անցել «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում: Ի դեպ, Yerevan.Today-ը հարցում է ուղարկել այս ընկերություն՝ պարզելու համար, թե ինչ գործունեություն է ծավալել վերջինս այնտեղ: Պատասխանը ստանալու դեպքում կհրապարակենք:

Հետո նորից շրջադարձ: Նորից ըստ պաշոտնական կենսագրության՝ նա 2009-2014թթ. վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում: Ստացվում է՝ ղեկավարից անցում է կատարել վաճառքի մասնագետի, փոփոխությունը խիստ ուշագրավ է: Այնուհետև նորից վերադարձել ղեկավար պաշտոնի՝ զբաղեցնելով «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգում, Կոմերցիոն բաժնի ղեկավարի պաշտոնը: Ի դեպ, թե ինչ հոլդինգ է սա, ինչով է զբաղվում, ինչ ծառայություններ է մատուցել, որևէ ինֆորմացիա հնարավոր չէ գտնել համացանցում: Այս ընկերությունը որոնելիս գտնում ենք միայն ինֆորմացիա, որ Ռոմանոս Պետրոսյանն է աշխատել այստեղ: Փնտրեցինք պետռեգիտսրում, պարզվեց, որ այս հոլդինգը դադարեցրել է գործունեությունը:

Իսկ 2017-2018թթ․ Ռոմանոս Պետրոսյանը զբաղեցրել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրենի պաշտոնը, որը նորից ըստ մամուլի տեղեկություների, պատկանել է իրեն: Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ, նորից համացանցում փնտրելիս որևէ տեղեկատվություն չենք ստանում, թե ինչ գործունեություն է ծավալել: Սփյուռ տեղեկատվական համակարգում գրված է, որ այս պահին այն չի գործում:

Դե 2018-ից հետո էլ Ռոմանոս Պետրոսյանի մասնագիտական վերելքները մեր աչքի առաջ են եղել: Սկզբում Կոտայքի մարզպետ, հետո՝ Շրջակա միջավայրի նախարար, հիմա էլ ՊՎԾ ղեկավար:

Նշենք, որ նորաստեղծ այս ծառայության գործունեության նպատակն է ապահովել վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը: Այսինքն, այն պետք է վերահսկի պետական կառույցների ֆինանսական հոսքերը, կանխի կոռուպցիոն սխեմաները:

Թե ինչպես է այդ ֆունկցիան իրագործելու Ռոմանոս Պետրոսյանը, ով տարօրինակ վայրիվերումներով աշխատանքային գործունեություն է ծավալել, դժվար է ասել: Իսկ Փաշինյանն ասում է՝ պետական կառույցները նախկինում կայացած չեն եղել:

Աղբյուրը՝ Yerevan.Today