Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր ԱԺ-ի հայ-ռուսական բարեկամության ակումբում հանդիպում էր կազմակերպվել մի շարք ԱԺ պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջեւ:
Ներկա էին ԱԺ պատգամավորներ` ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Աճեմյանը, «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Թեման էր` Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային փոխգործակցության հեռանկարները: Քննարկումը, ինչպես միշտ, վարում էր ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նա քննարկումը սկսեց հայերեն` ողջույնի խոսքով, ապա իր խոսքը թարգմանեց Շվիդկոյի համար:
Քննարկմանը փոքր-ինչ ուշացումով միացավ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: Նա ռուսերենով դիմեց Հերմինե Նաղդալյանի. «Հիմա այդ ամենը թարգմանել կարելի՞ է»: Շվիդկոյը կատակեց. «Կարծում եմ` պետք չէ»: Հերմինե Նաղդալյանը, դիմելով Շվիդկոյին, ասաց. «Մենք չպետք է խախտենք «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, ահա` ինչու իմ խոսքը սկսեցի հայերեն: Մենք այսօր ունենք թարգմանություն, և ով ուզում է խոսել միայն հայերեն, կա թարգմանություն, կարծում եմ` չենք խախտի ՀՀ օրենքը»:
Միխայիլ Շվիդկոյը նախ իր ուրախությունը հայտնեց, որ հայ-ռուսական բարեկամության ակումբում այդքան հետաքրքիր մարդիկ են հավաքվել, և նույնիսկ անհարմար է զգում, որ թողել են իրենց գործը, որպեսզի գան այդ հանդիպմանը: Միխայիլ Շվիդկոյը խոսեց հայ-ռուսական ջերմ հարաբերությունների մասին` բարձր գնահատելով դրանցում ամենից առաջ մարդկային ջերմությունը: Նրա խոսքով` հայ-ռուսական կապերը միշտ խորն են եղել, և Հայաստանը, գտնվելով բարդ աշխարհաքաղաքական դիրքում, նույնպես զերծ չէ գլոբալիզացիոն խնդիրներին բախվելուց:
«Չեմ սիրում, երբ ասում են` մենք միասին ենք, որովհետև ուրիշ ընտրություն չունենք, հակառակը` մենք միասին ենք, որովհետև ունենք ընտրություն` ընտրել միմյանց, և այդ ընտրությունը պայմանավորված է մեր ժողովուրդների պատմական, մշակութային անցյալով»,- ասաց նա:
Նշենք, որ Շվիդկոյը փորձում էր ցուցադրել նաև հայերենի իր իմացությունը` մի քանի բառ ընդամենը` «բարև ձեզ, ջուր չկա»: Նա դրական քողի ներքո ներկայացրեց հայ-ռուսական պատմական մշակութային բարեկամությունը: Նշեց, որ, օրինակ, Մոսկվայում հայկական եկեղեցու բացումը պայմանավորված էր ոչ թե Կրեմլի կամ Էջմիածնի որոշմամբ, այլ մարդկանց պահանջով: Եվ հենց այդ պահանջի համատեքստում Շվիդկոյը սկսեց խոսել Հայաստանում ռուսերենի տարածման կամ իմացության կարևորության մասին: «Եթե հայերը տեսնեն ,որ կյանքում ռուսերենին տիրապետելը նաև նպաստում է, որ նրանք հաջողությամբ իրացվեն իրենց կյանքում, ապա նրանք կսկսեն սովորել ռուսերեն: Երբ աշխատանքի են ընդունվում, հասկանալի է, որ մարդը գիտի անգլերեն, բայց եթե նա նաև գիտի ռուսերեն, ապա դա առավելություն է»,- ասաց Շվիդկոյը:
Նրա համոզմամբ` Հայաստանն ու Ռուսաստանը այնքան շատ ընդհանրություններ ունեն` էներգետիկ, ռազմական, մշակութային, տնտեսական, որ այդ ընդհանրությունները պետք է հանգեցնեն ռուսերեն լեզվի տարածմանը:
«Եթե մարդիկ ուզում են տնտեսական գործունեություն ծավալել Ռուսաստանի հետ, ապա պետք է սովորեն ռուսերեն, որովհետև երբ դու խոսում ես քո գործընկերոջ մայրենի լեզվով, ապա դա մեծ առավելություն է գործը հաջողելու գործում:
Չեմ կարծում, որ Հայաստանում լավ գիտեն ռուսական ժամանակակից գրականությունը, չեմ կարծում, որ Ռուսաստանում գիտեն Հայաստանի ժամանակակից գրականությունը, դա փաստ է»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումը կխթանի նաև լեզվի իմացության խորացմանը, և կարևորեց այդ ուղղությամբ պետական քաղաքականության դերը: