Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մայիսի 23-ին, Պետական գույքի կառավարման վարչությունում կնքվել և բնակիչներին է հանձնվել հանրակացարանային տարածքների նվիրատվության պայմանագրերի հերթական խումբը:
ՀՀ կառավարության 30.03.2017 թվականի թիվ 341-Ա որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային և առաջին հարկերի բնակելի տարածքները նվիրատվությամբ հանձնվել են դրանք զբաղեցրած ՀՀ քաղաքացիներին:
Խոսքը 17 ընտանիքի 45 բնակիչների մասին է, որոնք հարյուրավոր այլ քաղաքացիների պես տարիներ շարունակ ապրում են հանրակացարաններում, սակայն ինչ-ինչ պատճառներով զբաղեցրած տարածքների սեփականաշնորհման գործընթաց չէին նախաձեռնել: Վարչության մասնագետները բազմիցս այցելել են նրանց, պարզաբանել դյուրացված կարգն ու աջակցել անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և նվիրատվության գործընթացը սեղմ ժամկետում իրականացնելու հարցում, ինչպես նաև ուսումնասիրություն և վերջնական գույքագրում կատարել, ինչի արդյունքում մի քանի տասնյակ սենյակների բնակիչներ ևս սեփականաշնորհման կամ նվիրատվության գործընթաց են նախաձեռնել:
Կնքված պայմանագրերն այսօր բնակիչներին է հանձնել Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, հորդորել համարձակ իրացնել սեփականության իրենց իրավունքը, փոխանցել նաև գործընթաց չսկսած մյուս քաղաքացիներին, որպեսզի դիմեն և արագացված ընթացակարգով սեփականաշնորհեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
«Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման և նվիրատվության խնդիրները Պետական գույքի կառավարման վարչության առաջնահերթություններից են և դրանք հիմնովին կարգավորելու համար վերջին տարիներին մի շարք կարևոր քայլեր ենք իրականացրել, իսկ 2017թ. նախատեսել ենք տարիներով ձգձգված խնդիրը հիմնովին լուծել: Մենք ինքներս ենք գնում քաղաքացիների մոտ, հատկապես որ անապահով են, ընդառաջում ենք նրանց, աջակցում հնարավոր բոլոր միջոցներով, որպեսզի նրանց առօրյային դրական ազդակ ու որոշակի առաջընթաց հաղորդենք: Այս նպատակով առաջիկայում պատրաստվում ենք ևս մեկ նախաձեռնությամբ դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի առկա որոշ խոչընդոտներ ևս վերացվեն իրավական ճանապարհով». ասել է կառույցի ղեկավարը: