կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-24 22:20
Հասարակություն

1,3 մլն եվրո նվիրատվության խոստում` «Հայաստան» հիմնադրամին

1,3 մլն եվրո նվիրատվության խոստում` «Հայաստան» հիմնադրամին

Նոյեմբերի 18-21-ին Ֆրանսիայում անցկացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Դրամահավաք միջոցառումը, որին այս տարի մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի և Հունաստանի տեղական մարմինները, հանգանակեց շուրջ 1,3 մլն եվրո:

 

Նվիրատվությունները կուղղվեն Արցախի Տող, Հարթաշեն, Ուխտաձոր, Ակնաղբյուր և Սարգսաշեն գյուղերում ջրային համակարգի կառուցմանն ու վերականգնմանը: Կշարունակվեն նաև ներդրումները Տավուշի մարզում:

 

Չորս օր 650 կամավորներ իրենց զանգերով հորդորում էին հայ գործարար կառույցներին և ընտանիքներին օգնել Հայաստանի և Արցախի հեռավոր գյուղերի հայրենակիցներին: Արդյունքում նվիրատվության խոստում կատարեց ավելի քան 11 200 ընտանիք, և նախորդ տարվա համեմատ գրանցվեց նվիրատվության խոստումների շուրջ 10 տոկոս աճ:

 

Իրենց կոչերով հեռախոսամարաթոնին սատարում էին կինոդերասան Ժերար Դեպարդյեն և հայազգի դաշնակահար-երգահան Անդրե Մանուկյանը, ով այս տարի համահայկական միջոցառման կնքահայրն էր: «Ձեր նվիրատվություններով մասնակցեք Հայաստանում և Արցախում իրագործվելիք աշխատանքներին: Եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է դա անի: Հայաստանի հեռավոր գյուղերի շուրջ տաս հազար բնակիչ սպասում է ձեր օգնության»,- կոչով նվիրատուներին է դիմել ֆրանսահայ երաժիշտը:

 

Հեռախոսամարաթոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը և «Oրանժ» իմնադրամի նախագահ Միրել Լե Վանը: Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և կամավորներին: «Տպավորված եմ, թե ինչպիսի առատաձեռնությամբ են Եվրոպայի բարերարները նվիրատվություններ անում Հայաստանի և Արցախի հազարավոր բնակիչների կյանքը թեթևացնելու նպատակով: Չնայած տնտեսական ճգնաժամին, Հիմնադրամին նվիրատվություններ անելու կոչին մարդիկ շատ դրական էին արձագանքում: Սրանով նրանք հավաստում էին իրենց վստահությունը Հիմնադրամի նկատմամբ և պատրաստակամությունը` շարունակել սատարել մեր ընդհանուր գործին», - ասել է նա:

 

Պետրոս Թերզյանը ներկայացրել է հեռախոսամարաթոնի արդյունքներն ըստ երկրների.

 

Ֆրանսիա 1,1 մլն եվրո,

 

Գերմանիա 70.000 եվրո,

 

Շվեյցարիա 18.000 եվրո,

 

Հունաստան 46.000 եվրո

 

Հոլանդրա 21.000 եվրո:

 

Ըստ «Հայաստան» հիմնադրամի հաղորդագրության, 11 տարի շարունակ հեռախոսամարաթոնի գլխավոր գործընկերն ու հովանավորն է Ֆրանս Տելեկոմ Օրանժը. Ֆրանսիայի հինգ քաղաքներում` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիս և Մոնպելյե, տեղակայված «Օրանժի» կենտրոնների տարածքը, սարքավորումներն ու հեռախոսակապն անհատույց տրամադրվում է մարաթոնի կարիքներին: