Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի դասախոս Գոռ Հովհաննիսյանն Ամանորի նվերներն ու նվիրատվության «վտանգները» ներկայացնում է իրավաբանի աչքերով:
«Ամանորը նաև նվերների տոն է։ Բայց իրավաբանի աչքերում դրանք կարող են բոլորովին այլ նշանակություն ձեռք բերել:
Իրավաբանները նվիրատվությունը (նաև` նվեր տալը Ամանորին) հասկանում են իբրև մի գործողություն, որի միջոցով մեկն իր ունեցվածքի հաշվին հարստացնում է մեկ ուրիշի։ Շատ պարզ ասած՝ նվիրատվության ժամանակ նվեր տվողը նվեր ստացողի սեփականությանն է հանձնում որևէ գույք։ Ընդ որում` շատ կարևոր է երկու կողմի համաձայնությունն այն մասին, որ այդ գույքը հանձնվում է անհատույց (ՀՀ քաղ օր 594-րդ հոդ 1-ին մաս)։ Որևէ մեկին անհատույց գույք հանձնելու խոստումը նույնպես համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին (ՀՀ քաղ. օր. 594-րդ հոդ. 2-րդ մաս)։ Ամանորին ևս, ինչպես սովորաբար տեղի է ունենում, նվերներ են հանձնվում՝ առանց նախապես խոստանալու։ Ոչ մի նվիրատու չի կանգնում տոնածառի տակ ու նվիրատվության խոստում տալիս: Նման պայմանագիրն, ի դեպ, կլիներ օրենքով սահմանված գրավոր ձևի խախտմամբ (ՀՀ քաղ. օր. 595-րդ հոդ. 1-ին մաս), այդպիսի թերությունը, սակայն, կարելի կլիներ «բուժել» ՀՀ քաղ. օր. 295-րդ հոդ. 2-րդ մասով՝ 298-րդ հոդ. 1-ին մասի համակցությամբ։ Պարզ ասած՝ նման պայմանագիրն անվավեր չէր լինի։
Իսկ եթե հանկարծ մեկը որոշի տոնածառի տակ անշարժ գույք նվիրելու խոստում տալ, ապա ստիպված կլինի իրենց տուն հրավիրել նաև նոտարին (ՀՀ քաղ. օր. 595-րդ հոդ. 2-րդ մաս), որովհետև, առանց նրա վավերացման, այդ խոստումը կլինի առոչինչ (ՀՀ քաղ. օր. 300-րդ հոդ. 1-ին մաս)։ Ուստի նոտարներին ամանորյա լրացուցիչ սթրեսից հեռու պահելու համար նման խոստում, սովորաբար, ոչ ոք չի տալիս:
Ինչպես արդեն ասացի, նվիրատվության համար պարտադիր է առնվազն երկու անձի առկայություն՝ նվեր տվողը և նվեր ստացողը, որովհետև պայմանագրի վավերության համար պարտադիր է նրանց համաձայնությունն այն մասին, որ նվերի առարկան հանձնվում է անհատույց։ Բայց, արի ու տես, որ ամանորյա նվերներին հատուկ է այն, որ դրանք տրվում են իբրև թե երրորդ անձի՝ մեր շատ սիրելի Ձմեռ պապի կողմից։ Եվ այստեղ է թաքնված ամանորյա նվերների մեծ մասի իրավաբանական պրոբլեմը։
Այսպես` անգամ եթե փոքրահասակները, որոնց 6 տարին լրացել է (ՀՀ քաղ. օր. 29-րդ հոդ. 1-ին մաս), անձամբ կարող են կնքել նոտարական վավերացում չպահանջող՝ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՈՒՏՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ գործարքներ (ՀՀ քաղ. օր. 29-րդ հոդ. 2-րդ մասի 2-րդ կետ), ինչպիսին անվիճելիորեն նվիրատվության պայմանագիրն է, ապա այստեղ, միևնույն է, բացակայում է նվեր տվողի՝ Ձմեռ պապի հետ ձեռք բերված անհրաժեշտ համաձայնությունը գործարքի անհատույց լինելու մասին։ Ընդ որում` միանգամայն անկարևոր է, թե Ձմեռ պապի դեպքում, իրավաբանական իմաստով, խոսքն ընդհանրապես իրավունքի սուբյեկտի մասի՞ն է, թե՞ ոչ։ Հետևաբար, գոնե երեխաներին Ձմեռ պապի անունից տրված նվերները, դրանով իսկ՝ Ամանորի ժամանակ ընդհանրապես կատարվող նվիրատվությունների ճնշող մեծամասնությունն իրավական առումով ԱՆՎԱՎԵՐ Է:
Հա, իրոք։ Շատ եմ ցավում մեր երեխաների համար, բայց դա այդպես է։ Ու, արի ու տես, որ սրատես իրավաբանի աչքերով սա ամենևին միակ խնդիրը չէ։
Ամանորյա նվիրատվության «վտանգները»
Ամանորին նվեր տալը չէ միայն, որ իրավաբանական պրոբլեմ է։ Նվերներ ստանալը նույնպես հեշտ բան չէ։ Եկեք ազնիվ լինենք, անշնորհակալություն չի՞ դիտվի, եթե մենք թանկ նվեր (օրինակ՝ հեռախոս, թանկ նվագարկիչ) ստանալիս նվեր տվողից պահանջենք այդ գույքի գնման կտրոնը։ Իհարկե, կդիտվի։ Բայց ախր այդ կտրոնը մեզ պետք է ոչ այնքան նվերի գինն իմանալու, որքան գույքի թերությունների դեպքում օրենքով սահմանված մեր իրավունքներից օգտվելու համար (անհատույց փոխել, վերանորոգման հանձնել և այլն)։
Բացի այդ` ամանորյա նվիրատվության դեպքում ևս պարտադիր է նվեր ստացողի համաձայնությունը (ՀՀ քաղ. օր. 597-րդ հոդ. 1-ին մաս)։ Անգամ անհատույց օգուտը ոչ ոք պարտավոր չէ ստանալ առանց իր համաձայնության (ՀՀ քաղ. օր. 290-րդ հոդ. 2-րդ մաս)։ Սակայն նվերն ընդունելուց հրաժարվելը կարող է երբեմն օգտակար լինել հենց նվեր տվողի համար, որովհետև եթե նա Ձեզ Ամանորին, ասենք, իսկական շուն է նվեր բերել, որը մեկ-մեկ կծում է, ապա նա ստիպված է լինելու հատուցել այն բոլոր վնասները, որոնք իր նվերը կպատճառի Ձեր առողջությանը, եթե նա մոռացել է զգուշացնել Ձեզ այդ մասին (ՀՀ քաղ. օր. 603-րդ հոդ.)։ Սակայն Դուք ևս պետք է զգույշ լինեք նման նվերից հրաժարվելիս, որովհետև այդ դեպքում գուցե ինքներդ ստիպված լինեք հատուցել Ձեզ իր գեղեցիկ նվերով ուրախացնել ցանկացող նվիրատուին պատճառված իրական վնասը (ՀՀ քաղ. Օր. 597-րդ հոդ 3-րդ մաս)։
Ամանորին նվեր տալը կարող է, փաստորեն, շատ վտանգավոր լինել և՛ նվեր տվողի, և՛ նվեր ստացողի համար։ Մարդ չգիտի՝ ինչ անի:
Ես, համենայն դեպս, մի բան հաստատ կարող եմ անել առանց վտանգներից վախենալու՝ մաղթում եմ բոլորիդ երջանիկ Նոր տարի»: