| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստը: ԱԺ նախագահի ընտրություններից առաջ խմբակցությունների ղեկավարները հանդես են գալիս ելույթով:
«Ելք»-ի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի իշխանության ներսում հակակշիռների և զսպումների մեխանիզմներ չկան: Ըստ նրա՝ ամենազսպող կենտրոնը պետք է լինի ԱԺ-ն: «Ավանդույթի համաձայն` ԱԺ-ն ոչ միայն հակակշիռ չէ, այլ դառնում է գործադիր իշխանության կցորդը: Բաղրամյան 26-ից են հուշում` կառավարությունը լավ է աշխատում, թե` վատ»,- հայտարարեց նա` հավելելով, որ ԱԺ-ն այս դերից հանելու ձևը ԱԺ նախագահի ընդդիմադիր թեկնածու ընտրելու մեջ է:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, եթե չի սխալվում, Սերժ Սարգսյանն ասել է` ընտրեք նրան, ով ոչ թե թիմակից է, այլ լավ է պատկերացնում խնդիրները: «Մի քանի ժամ է անցել Սերժ Սարգսյանի ելույթից: Հիմա կփորձենք ու կհասկանանք, թե ինչ արժեք ունեն հանրապետականների մոտ իրենց նախագահի խոսքերը»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ինքը Արա Բաբլոյանին հարգանքով է վերաբերվում: «Նա մանկավարժ է, մանկաբույժ է, երկար տարիներ ԱԺ-ում աշխատել է: Ես մշակութային շոկ ապրեցի, որ Բաբլոյանն ասաց, որ քվեարկել է ուրիշի օգտին, սա ինձ համար ցավալի է: Եթե ես այս խոսքերն ուրիշից լսեի, չէի հավատա»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Արա Բաբլոյանը ՀՀ-ում հռչակ ունեցող մանկաբույժ է: «Իմ կարծիքով` նրա ընտրվելու դեպքում մանկաբուժությունը կտուժի, իսկ Էդմոն Մարուքյանի ընտրվելու դեպքում մանկաբուժությունը որևէ կորուստ չի ունենա, հակառակը` մարդու իրավունքների դերի բարձրացման առումով կունենանք իրավիճակի ահռելի փոփոխություններ»,- ընդգծեց պատգամավորը:
Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, թե երբ ասվում է` չկա աշխարհում դեպք, որպեսզի փոքրամասնության ներկայացուցիչը լինի ԱԺ նախագահ, ապա մենք պետք է առաջինը լինենք և անենք դա: «Ընտրեք և տեսեք` ոնց են բոլորը խոսում Հայաստանից: Ընտրեք փոքրամասնության ներկայացուցչին, և 15 օր Հայաստանն անվճար կգովազդվի աշխարհի բոլոր երկրների կողմից, կխոսվի, թե` տեսեք, ՀՀ-ում տեղի է ունեցել մի բան, որը, օրինակ, Ադրբեջանում երբեք տեղի չի ունենա»,- եզրափակեց պատգամավորը: