Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներհայաստանյան կյանքին վերաբերող ուժեղ ուղերձն արդարության պահանջն է, մեր կառավարությունը լիարժեքորեն կիրագործի այն. խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Մինչև այս հեղափոխությունը վախն ու խտրականությունն ուղեկցում էին բոլորին. կրթություն ստանալիս, աշխատանք փնտրելիս, ամենուր մարդիկ բախվում էին այս պրոբլեմների հետ: ՀՀ որևէ քաղաքացի այլևս չպետք է իրեն թույլ զգա մեջք չունենալու պատճառով: Սահմանադրությունը պետք է դառնա այն մեջքը, որը պատկանում է բոլորին»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ: «Սա առաջին հերթին վերաբերում է վարչապետի ընտանիքին: Ապօրինի հարստացումն իր հետ պետք է բերի հետևանքներ: Իմ ընտրվելու դեպքում հենց վաղվանից Հայաստանում չի լինի մենաշնորհ, որևէ մեկի առջև չի գործի որևէ ապրանք բերելու արգելք: Գերիշխող դիրքի չարաշահումները բացառվելու են»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Սփյուռքին` վարչապետւ թեկնածուն հայտարարեց, որ Սփյուռքի հետ հարաբերությունների հիմքում չպետք է լինի միայն նրանց աջակցությունը, այլ Սփյուռքի մասնագիտական ներուժը պետք է բերվի և ծառայեցվի պետակաշինության գործին:
Փաշինյանն անդրադարձավ նաև վարկային բեռին: «Հարյուրհազարավոր քաղաքացիներ տառապում են վարկային բեռի տակ: Բազմաթիվ վարկային կազմակերպություններ մարդկանց ոչ միայն վարկեր են տվել, այլ դրան գումարվել է տխրահռչակ վերխերի ինստիտուտը: Քաղաքացին ստիպված է եղել 20 տոկոսը նվիրել նրանց` վարկ ստանալու համար: Պետք է շուտափույթ լուծել այս խնդիրները և լուծել այնպես, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն էլ չտուժեն»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` իշխանությունը քաղաքացուն մի գործառույթ էր վերապահում, որ քաղաքացին խախտում անի և տուգանվի` այսպես ապահովելով որոշ շրջանակների եկամուտները, բայց սրան պետք է վերջ տրվի: Նա նշեց, որ, որպես վարչապետի թեկնածու, կարող է վստահ հայտարարել` այս շարժումը գեներացրել է այնպիսի էներգետիկա, որ ոչ թե արտագաղթը կանգնեցվի, այլ մեծ հայրենադարձությանը նպաստի:
«Որևէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի` վարչապետ ընտրվելու պարագայում ներգաղթ կսկսվի, ներդրումներ կլինեն: Սա ոչ միայն բարձրացնելու է Հայաստանի անվտանգությունը, այլև բերելու է Ղարաբաղի հարցի լուծում, մարդկային ռեսուրսի ճգնաժամի հաղթահարում տեղի կունենա, կբարձրանա բանակի մարտունակությունը: Ամենաամոթալի խարանը կջնջվի` 30% աղքատությունը: Հայաստանում մերժվածներ ու լքվածներ չպետք է լինեն: Ժողովրդական հեղափոխությունը խթան է տվել` մարդիկ Հայաստանում տեր են զգում»,- հայտարարեց Փաշինյանը: