կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-27 14:11
Քաղաքական

Թող Տարոնը պաշտոնը թողնի, այլապես գիտությունը կտուժի. Զարուհի Փոստանջյան

Թող Տարոնը պաշտոնը թողնի, այլապես գիտությունը կտուժի. Զարուհի Փոստանջյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով երեկ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին, նշեց, որ, ի դեմս խայտառակ վարքագիծ դրսևորած երիտասարների, ունենք մի փոքր խմբակ, որը դասալիք է: Զարուհի Փոստանջյանն այդ երիտասարդներին նմանեցրեց Հանրապետական կուսակցության երիտթևի հետ` նրանք էլ դասալիք են, աշխատանքի չեն գալիս:


«Ահա այդ դասալիքների երիտասարդ տեսակը երեկ գտնվում էր տնտեսագիտական համալսարանում: Հանրապետականներն իրենց համար պատրաստում են սերունդ, որ ուզում են իրենց աջակցի, այնինչ մենք ունենք երիտասարդներ, որոնք ԱԺ-ում իրենց դրսևորեցին որպես արժանապատիվ քաղաքացիներ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Նա համոզմունք հայտնեց, որ տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցածը միանշանակ հանցակազմ է պարունակում, և պետք է անպայման գրել հաղորդում հանցագործության մասին: Այդ երիտասարդները և համալսարանի ռեկտորը խոչընդոտել են լրագրողների աշխատանքին: «Հորդորում եմ գլխավոր դատախազին, որ սկսի գործի քննությունը: ՄԻՊ-ը նույնպես կարող է արձագանքել դրան»,- ասաց նա:


Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ուրա՞խ է, որ այսուհետ ունենալու ենք գիտությունների թեկնածու քաղաքապետ, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքը որոշ ժամանակ առաջ նամակներ էր գրել ՀՀ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին, որ նրանք հրաժարվեն իրենց պաշտոնից ու զբաղվեն գիտությամբ, որովհետև նրանցից ամեն մեկը գլխավորում է բուհերի խորհուրդները : «Այն ժամանակ խնդրել էի նրանց` հրաժարվեն իրենց պաշտոններից, որովհետև գիտությունը կտուժի: Հիմա նույնը պետք է ասեմ Տարոնին, թող պաշտոնը թողնի, թե չէ գիտությունը կտուժի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: