կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-16 12:37
Հասարակություն

Որքան արժե բուժումը Հայաստանում. Լևոն Ալթունյանը խոստացավ շուտով հայտարարել այդ մասին

Որքան արժե բուժումը Հայաստանում. Լևոն Ալթունյանը խոստացավ շուտով հայտարարել այդ մասին

Հայաստանում առողջապահական համակարգին սուղ միջոցներ են տրամադրվում, սակայն այժմ հաշվարկներ են իրականացվում, թե մեզ մոտ որքան արժե բժշկական ծառայությունը. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: 

Ըստ նրա` տրամադրված միջոցներով փորձ է արվում լավ որակ ապահովել, սակայն բոլորս էլ գիտենք, որ դա այնքան էլ այդպես չէ` կա ստվերային շրջանառություն: «Մենք ստվերային շրջանառությունը կասեցնելու խնդիր ունենք  և հաշվարկների միջոցով հայտարարելու են իրական բուժման գինը: Այժմ մենք գնագոյացման մեթոդներն ենք գնահատում և մոտակա ժամանակներում կհայտարարենք` որքան արժե բուժումը Հայաստանում` հաշվի առնելով թե՛ դրամարկղի մուտքերը, թե՛ պետպատվերը»,- ասաց նախարարը` հավելելով, թե ոլորտում կա պետպատվերի գումարներն ավելի արդյունավետ ծախսելու խնդիր:

Ալթունյանի կարծիքով` ստվերային շրջանառությունը հանելու մի քանի մեթոդներ կան, որոնցից առաջինը համավճարների համակարգը կարգի բերելն է:

Ինչ վերաբերում է բժիշկների վարձատրության ավելացմանը, քանի որ մեծ մասամբ բժիշկները ստվերային գումարներ են փորձում ձեռք բերել հենց ցածր վարձատրության պատճառով, ապա, ըստ նախարարի, դա նույնպես կարգավորվելու է: «Մենք, երբ կունենանք ընդհանուր պատկերը, թե որքան արժե Հայաստանում մեկ անձի համար բժշկական ծառայությունների գինը, այդտեղ կսահմանվի նաև բժիշկների վարձավճարը: Այսօր բժշկի մասնագիտությունն են ընտրում նվիրյալներն ու տաղանդավորները, իսկ ովքեր ուզում են մեծ գումարներ վաստակել, ծրագրավորող կամ մեկ այլ մասնագիտություն են ընտրում: Գաղտնիք չէ, որ բժշկության ոլորտում առավել տաղանդավորները նաև լքում են երկիրը, դրա համար էլ պետք է կարգավորենք բուժծառայողի վարձատրության խնդիրը: Բուժծառայողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ դրա միջոցով կարողանա նախ ապրել վայելուչ և որակյալ ծառայություն մատուցել հանրությանը»,- ասաց նախարարը: