կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-12-01 17:02
Հասարակություն

Տարիքը փորձ է, հարգանք և որակ. Լևոն Ալթունյանը՝ տարեց բժիշկներին աշխատանքից ազատելու մասին

Տարիքը փորձ է, հարգանք և որակ. Լևոն Ալթունյանը՝ տարեց բժիշկներին աշխատանքից ազատելու մասին

Էլեկտրոնային առողջապահությունը /eHealth համակարգ/ ծրագրվում է ներդնել 2018-ի վերջին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր բժիշկները կարող են արագ սովորել նոր համակարգով աշխատել: Այս մասին լրագրողներին ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Նա տեղեկացրեց, որ նոր համակարգն ամբողջությամբ կգործի 2019-ի կեսերին: Ըստ նախարարի՝ պետք է հասնեն նրան, որ բժիշկները կարողանան իրենց գործողությունները մուտք անել էլեկտրոնային դաշտ:

Դիտարկմանը, որ տարեց բժիշկները համակարգչին այնքան էլ լավ չեն տիրապետում և մտավախություն ունեն, որ իրենց աշխատանքից կհեռացնեն, ու դաշտը միայն երիտասարդ կադրերով կլցվի, Ալթունյանը պատասխանեց, որ նման բան չի կարող լինել: «Միգուցե պարաշյուտային սպորտում հնարավոր է միանգամից երիտասարդներին մտցնել գործընթացի մեջ, սակայն բժշկության մեջ դա գրեթե անհնար է: Բժշկության մեջ տարիքը փորձ է, հարգանք և որակ, իսկ մենք գնահատում ենք մեր մեծահասակների փորձն ու ունակությունները: Մարդը, այո, դժվար է փոխվում, դրա համար էլ մենք կանխատեսում ենք, որ 1-2 տարի կտևի մինչև ամբողջությամբ կանցնենք էլեկտրոնային առողջապահության»,-ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց նաև, որ երբ ընդհանրապես հնարավոր չի լինի տարեց բժիշկներին ուսուցանել համակարգչային գիտելիքներ, նրանց օգնական կնշանակեն: Սակայն, ըստ Ալթունյանի, նման բժիշկների թիվը չի կարող 15 տոկոսից ավելի լինել:

Նախարարի հավաստմամբ՝  էլեկտրոնային առողջապահության ներդրումից հետո բժշկության մեջ շատ բան համեմատելի և վերահսկելի կդառնա:

Հարցին` արդյո՞ք դա պետբյուջեի հաշվին անիմաստ ծախս չէ, նախարարը պատասխանեց. «Ոչ: Յուրաքանչյուր դրամ, յուրաքանչյուր միլիոն, որն ուղղված է վերահսկողությանը, թույլ կտա ավելի ադեկվատ ծառայություններ կազմակերպել, որի արդյունքում կբարձրանա կյանքի որակը»: