Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Տեղեկացրել էինք, որ նորաձևության բնագավառի հեղինակավոր Vogue ամսագրի ռուսական տարբերակի խմբագրությունը հանրահայտ Victoria\'s Secret ընկերության «հրեշտակ» Ստելա Մաքսվելի հետ որոշել է յուրահատուկ ֆոտոսեսիա կազմակերպել Հայաստանի տարածքում: Լուսանկարներից մեկն արվել է նկարչուհի Լուսիկ Ագուլեցու տանը։
Yerkir.am-ի հետ զրույցում նկարչուհին ասաց, որ իրեն զանգահարել էր մի աղջիկ և ասել, որ Նյու Յորքից հյուրեր ունեն, որոնք ցանկանում են իրեն հյուընկալվել: «Լուսանկարիչը ամերիկահայ Դևիդ Մուշեգենն էր: Ինձ միայն ասացին, որ նա, ով պետք է նկարի, ամերիկահայ է: Խնդրեցին` եթե հնարավոր է` տարազ հագնեմ: Ես սիրով հագա, ու անցանք գործի` նկարվելուն: Տղան, որ հայ էր, շատ էր ազդվել, մի տեսակ հուզված էր: Աղջկան չէի էլ ճանաչում, հետո իմացա, որ հայտնի դեմք է: Աղջիկն ինչ-որ զգեստ էր հագել, որը պետք է նաև գովազդեր /Ջիվենշի` Ռիկարդո Թիսչիի/: Զգեստը շատ թանկ արժեր: Ես նրանց հարցրի գինը, ասացին, որ այն 3500 դոլար արժե: Ես էլ ասացի` դե, որ այդպես է, իմն արժե 6000 դոլար: Ի դեպ, նրանք համաձայն էին, որովհետև մոտիկից տեսան` ձեռագործ աշխատանքն ինչ մանրակրկիտ ձևով է արվել»,- ասաց Լուսիկ Ագուլեցին:
Նա նշեց նաև, թե կարծել է` միայն հնի և նորի տարբերությունն են ուզում ցույց տալ: «Շատ ուրախ եմ, որ հենց մեր տարազն է նման ֆիրմային զգեստի կողքին ներկայացվում. հագել էի Վասպուրականի շրջանի տարազ, բայց ժամանակակից ձևով ներկայացված»,- ասաց նկարչուհին:
Ըստ նրա` հյուրերին իր թանգարանում գտնվող իրերն են նաև հետաքրքել: Նրանց հատկապես դուր են եկել տիկնիկները: «Նրանք իմ թանգարանային նկարները նայեցին, երկու հատ գիրք գնեցին: Գնեցին իմ «Անցյալի մասունքները», որն իմ թանգարային հավաքածուն է ներկայացնում: Գիրքը մի քանի գլխից է բաղկացած` 250 գոտիների օրինակներ են, հետո` տարազների… Իսկ մյուս գիրքը հայոց տոնածեսերի մասին էին, այսպես ասած` հայոց տոնածեսերն` ըստ Լուսիկ Ագուլեցու: Նրանք ուղղակի տարվել էին իմ տարազներով, մի խոսքով` հիացած եմ ճանապարհել մեր տնից»,- ասաց տիկին Ագուլեցին: