կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-06 17:33
Հասարակություն

Գնի բարձրացումն ամենաազդեցիկ գործոնն է. Լևոն Ալթունյանը` ծխախոտի թանկացման մասին

Գնի բարձրացումն ամենաազդեցիկ գործոնն է. Լևոն Ալթունյանը` ծխախոտի թանկացման մասին

Այն, որ հանրային վայրերում ծխելն արգելվում է, օրենքով է ամրագրված դեռ 2004 թվականից, այլ հարց է, որ օրենքը չի գործում. «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Նա նշեց, որ, ճիշտ է`  հանրային սննդի որոշ վայրերում կան ծխողների և չծխողների համար սրահներ, սակայն դրանց միջև սահմանագիծը պայմանական է, և ծուխն ազդում է բոլորի վրա:

«Մենք որոշեցինք փորձել 5-7 տարվա ընթացքում ծխողների թիվը պակասեցնել 30 տոկոսով: Իսկ նման արդյունքի հասնելու համար մենք որոշ քայլեր իրականացնելու կարիք ունենք: Հայաստանում ուռուցքային հիվանդությունների և դիաբետի տագնապալի պատկեր է: Երկու հիվանդություններն էլ սերտ կապ ունեն ծխելու հետ, և նախարարությունը չի կարող անտարբեր անցնել այդ փաստի կողքով: Մենք պայքարն այդ հիվանդությունների դեմ տանում ենք ոչ թե վիրահատական սրահներում կամ քիմիաթերապիայի բաժնում, այլ ուղղակի կարիք ունենք դրանց կանխարգելման: Կանխարգելման հիմնական մեթոդը ծխելու դեմ պայքարն է: Այսօր մեզ մոտ օնկոլոգիական հիվանդությունների մեջ առաջին տեղը թոքի քաղցկեղն է` 40 000-ից ավելի հիվանդ ունենք»,- հայտնեց Լևոն Ալթունյանը:

Օգտատերերից մեկի հարցին, թե չի՞ կարծում, որ օրենքով ոտնահարվում է ծխողի իրավունքը, նա պատասխանեց, որ ոչ ոք ծխողի իրավունքը չի ոտնահարում, այլ` ընդհակառակը: «Մենք իրագործում ենք ծխողի` առողջ ապրելակերպի իրավունքը, տանում ենք և՛ բացատրական աշխատանք, և՛ սահմանափակում ենք նրա հնարավորությունները` փչացնել իր առողջությունն ու աճող սերնդին վատ օրինակ ցուցաբերել»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ ծխախոտի թանկացումն ու հանրային վայրերում ծխելն էլեկտրոնային սիգարետների վաճառքը խթանելու համար է, առողջապահության նախարարը նշեց, որ էլեկտրոնային սիգարետի վրա նույնպես կտարածվի արգելքը:

Ինչ վերաբերում է ծխախոտի գնի բարձրացմանը, ապա, ըստ Ալթունյանի, գնի բարձրացումն ամենազդեցիկ գործոնն է ամբողջ աշխարհում: