կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-11 12:49
Քաղաքական

Ստվերը նվազել է. ՊԵԿ նախագահ

Ստվերը նվազել է. ՊԵԿ նախագահ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց կառավարության կարճաժամկետ ծրագրով հարկային և մաքսային ոլորտներում նախատեսված աշխատանքների արդյունքերը: Հարությունյանի խոսքով՝ վերջին յոթ ամիսների ընթացքում ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է գրանցվել: 2016 թվականի հոկտեմբերից 2017 թվականի ապրիլ ամիսներին կոմիտեն ապահովել է 653.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե եկամումուտների աճը կազմել է 46.1 մլրդ դրամ:

500.3 մլրդ դրամ ապահովվել է հարկային մարմինների, իսկ 153.5 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից: Հարկային մասով աճը կազմել է 43.1 մլրդ դրամ, իսկ մաքսային մասով՝ 3 մլրդ դրամ: Հարությունյանն ասաց նաև, որ 2016 թվականի դեկտեմբերի վերջին խոշոր հարկ վճարողների մոտ ստվերը գնահատվում էր 48.8 տոկոս:

«Այժմ այդ թիվն իջել է և, մասնավորապես, մարտ ամսին այն կազմել է 33.2 տոկոս: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից ռիսկային գնահատված հարկ վճարողների միջին ամսական ստվերը նվազել է 32 տոկոսով: Ռիսկային գնահատված 264 հարկ վճարողի կողմից վճարված հարկերն աճել են գրեթե 17 մլրդ դրամով կամ ավելի քան 30 տոկոսով»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա չորրորդ եռամսյակում տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողներից ռիսկային է գնահատվել 296-ը, իսկ այս տարվա առաջին եռամսյակում տեսչությունում գրանցված 617 հարկ վճարողից ռսկային է 264-ը:

Հարությունյանի խոսքով՝ ՊԵԿ-ի նախաձեռնած բարեփոխումներն առավելապես ուղղված են եղել ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային արտոնությունների ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ստեղծմանը:

«Մշակվել է մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու օրենսդրական նախագծերի փաթեթ, սահմանվել են ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացկարգեր և ժամկետներ»,- նշեց ՊԵԿ ղեկավարը՝ հավելելով, որ մշակվել է տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինասական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որն արժանացել է կառավարության հավանությանը»: