կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-08 15:38
Քաղաքական

Մաշադյանը չի մասնակցել սուպերմարկետներ-ՊԵԿ համաձայնության սխեմային. ՊԵԿ նախագահ

Մաշադյանը չի մասնակցել սուպերմարկետներ-ՊԵԿ համաձայնության սխեմային. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ-ն հայտարարեց, որ բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։

Այս բացահայտումից հետո Ռաֆիկ Մաշադյանը, ով նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը, լրագրողների հետ զրույցում ասել էր, իրենց համար ԱԱԾ բացահայտած սխեման գաղտնիք չէր:

«Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ սխեման մեզ համար գաղտնի չի եղել, մենք տիրապետել ենք էդ ինֆորմացիային, որ առևտրի մի կետում գործում են մեկից ավելի տնտեսվարող սուբյեկտներ» - ասել էր ՊԵԿ փոխնախագահը:

ՊԵԿ նախագահի կարծիքով այդ հարցաքնությունը պետք չէ դիտել դրամատիկ համատեքստում, դա բնականոն պրոցես է, քանի որ Մաշադյանը, որպես պետական պաշտոնյա, մամուլի ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է որոշակի տեղեկատվություն , որի վերաբերյալ տվել է բացատրություն ԱԱԾ-ին:

Ավելին, ինքը Դավիթ Անանյանն էլ է մամուլին տրված տեղեկատվության հետ կապված ևս ԱԱԾ –ում բացատրություններ տվել: ՊԵԿ նախագահը չի կարծում, թե Մաշադյանի հայտարարությունները վկայություն են այն բանի, որ ինքը խախտումներ է թույլ տվել:

«Ես չեմ կարող ասել, Մաշադյանը որպես մեղադրյալ կներգրավի թե ոչ, ես չեմ կարող ասել, թե ԱԱԾ-ն ինչ որոշում կկայացնի, սակայն կարծում եմ, որ Մաշադյանը չի մասնակցել այդ սխեմային: Նա ընդամենը ներկա է եղել մասնագիտական քննարկումներին, եթե եղել է համաձայնություն, ապա ՊԵԿ-ի հետ է եղել համաձայնություն, ուստի որոշում կայացնողներն են պատասխանատվություն կրում, այսինքն ՊԵԿ ղեկավարությունը»,- ասաց Դավիթ Անանյանը