կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-26 14:04
Հասարակություն

Շատ անգամներ են Հայաստանում հայտնվել ադրբեջանական ապրանքներ. Մելիտա Հակոբյան

Շատ անգամներ են Հայաստանում հայտնվել ադրբեջանական ապրանքներ. Մելիտա Հակոբյան

Այսօր «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա»-ի նախագահ Մելիտա Հակոբյանը լրագրողներին պատմեց, թե ինչ վերահսկողություն է իրականացվում գյուղմթերքի վրա, անդրադարձավ  նաև օրերս աղմուկ հանած` Թուրքիայից ներկրվող լոլիկին, ադրբեջանական խնձորին:

Մելիտա Հակոբյանը նշեց, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր` փոքր ազգաբնակչությամբ, պետք է շատ խիստ վերահսկողություն իրականացնի երկիր ներկրվող սննդի նկատմամբ: Նրա խոսքով` տարիներ առաջ ձվի մեջ էր հայտնաբերվել թունավոր նյութ, և եթե մարդը երեք ձու ուտեր, կթունավորվեր, 5 ձու ուտելու դեպքում կմահանար: Եվ  միայն տագնապ հնչեցնելուց հետո այդ ներկրված ձվի խմբաքանակը ետ ուղարկվեց:

Մելիտա Հակոբյանի կարծիքով` շատ անգամներ է Հայաստանում հայտնվել ադրբեջանական ապրանք, օրինակ` նուռ, երբ նռան ծաղկային մասը ինչ-որ թունանյութով էին պատել, իբր պահպանման ժամկետը երկարացնելու համար: «Մենք այդ նուռը տվեցինք ստուգման, պարզվեց, որ մեծ քանակությամբ DDT կար դրա մեջ, որն այսօր դուրս է եկել գործածությունից: Մեր մաքսային ծառայությունները պետք է շատ զգույշ, շատ զգոն լինեն: Մենք շրջապատված ենք չկամեցող, ոչ բարեկամ հարևաններով: Ամեն ինչում պետք է զգույշ լինենք»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի` կան նաև արտերկրից ներկրված գենամոդիֆիկացված մրգեր ու բանջարեղեն, սերմեր, անընդմեջ դրա մասին բարձրաձայնվում է, սակայն գյուղնախարարությունը միշտ հերքել է, որ նման բան են ներկրում:

«Մենք ասում ենք, որ ներկրվում են պոմիդորի, վարունգի, բադրիջանի սերմեր, դուք էլ ապացուցեք, որ չի ներկրվում: Հիմա այնպիսի պոմիդոր ունենք շուկայում, որ քարից էլ պինդ է: Թուրքական լոլիկները կարմիր են, իսկ հայկականը` վարդագույն, ինչը նշանակում է, որ թուրքական լոլիկը ներկանյութով է»,- ասաց Մելիտա Հակոբյանը: