Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ GSP+ (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) միակողմանի արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ բանակցություններ է վարում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարի խոսքով՝ բանակցությունների փուլի հաջող ավարտի դեպքում Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ կարող են արտահանվել Չինաստան՝ առանց սահմանափակումների և մաքսատուրքերի:
Կարայանը դժվարացավ թվել, թե կոնկրետ ի՞նչ ապրանքներ կարտահանվեն, ըստ նրա՝ այդ ամենը կախված է բանակցություններից: «Այն բոլոր ապրանքատեսակները, որոնք արտադրվում են Հայաստանում և ունեն արտահանման պոտենցիալ, ու այդ ապրանքների արտահանումը մեզ համար կարևոր է»,- հավելեց նախարարը և վստահություն հայտնեց, որ 2017 թվականին նախարարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ներդրումների աճ կլինի, սակայն չհստակեցրեց՝ որքան:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանին, ի վերջո, ի՞նչ օգուտ տվեց ԵՏՄ-ին անդամակցությունը, և կա՞ն որոշակի թվային ցուցանիշներ, Կարայանը նշեց. «Մեր պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է ԵՏՄ-ի շուկաներ: Եթե վերլուծեք Հայաստանի և ԵՏՄ-ին չանդամակցած մեր հարևան այլ պետությունների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, կհամոզվեք, թե ինչքանով դրական էր մեր անդամակցությունը»:
Արձագանքելով դիտարկմանը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանում ԵՏՄ անդամակցությունից հետո 10 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, և պատասխանելով հարցին՝ այդ ի՞նչ աճի մասին է խոսքը, նախարարն ասաց. «Չգիտեմ»:
Կարայանը նաև խոսեց գործարարների ահազանգերի մասին՝ կապված ներկրումների հետ: Նա պնդեց՝ բողոքներ դեռևս չեն եղել, իսկ իր ղեկավարած նախարարությունը ներկրման հետ կապված ահազանգ չի ստացել: Նախարարը նաև պարզաբանեց, որ ինքը, պատասխանելով պատգամավորների հարցին, չի ասել՝ 3,2 տոկոս տնտեսական աճից ավելին է սպասվում, այլ նշել է, թե չի բացառում, որ իրենց ծրագրած միջոցառումների արդյունքում կլինի 3,2 տոկոս տնտեսական աճ: «Սակայն թիրախավորում ենք, որ առավել ակտիվ միջոցառումներ իրականացնենք, որ արդյունքներն ավելի իրատեսական լինեն»,- հավելեց նա:
Կարայանը չցանկացավ խոսել այն մասին, թե Հայաստանում որևէ նոր ձեռնարկություն բացվելո՞ւ է, թե՞ ոչ: Նա միայն ընդգծեց, որ պետությունը ձեռնարկություններ չի բացում, փոխարենը ստեղծում է բարենպաստ պայմանները, որ բացվեն: