կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-21 15:08
Տնտեսական

Հայաստանը Շվեյցարիայից գնում է ավելի շատ ապրանքներ, քան Շվեյցարիան` Հայաստանից.դեսպան

Հայաստանը Շվեյցարիայից գնում է ավելի շատ ապրանքներ, քան Շվեյցարիան` Հայաստանից.դեսպան

Այսօր էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր սեմինար` շվեյցարական «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» GSP արտոնյալ ռեժիմի, և հայ-շվեյցարական առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Սեմինարի նպատակն էր ներկայացնել Շվեյցարիայի կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգը` GSP արտոնյալ ռեժիմը, որպեսզի հայ գործարարները, որոնք արտահանում են կազմակերպում դեպի Շվեյցարիա, տեղեկանան գործող ընթացակարգի մասին, տրամադրվող արտոնությունների մասին: Բացի Շվեյցարիայից Հայաստանին  GSP արտոնյալ ռեժիմ է տրամադրել նաև ԱՄՆ, Նորվեգիան, Ճապոնիան, Կանադան:

Սեմինարին մասնակցումէր նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ով իր ելույթում նախ անդրադարձավ հայ ազգին, ասելով, որ հայ ազգը աշխարհին հայտնի է շատ բաներով, մասնավորապես քրիստոնեությունը տարածելով, արվեստի, գիտությունների, ճարտարապետության, փիլիսոփայության ոլորտում սքանչելի ձեռբերումներով: Դեսպանի խոսքով` Հայաստանը հայտնի է մեկ այլ որակով, դա այն է, որ Հայաստանը գործարարների,  առևտրականների, վարպետների, գյուղմթերք արտադրողների և այլ որակյալ ապրանք արտադրողների երկիր է:

Վերջին 20 տարիների ընթացքում, ըստ դեսպանի, հայ-շվեյցարական առևտրային հարաբերությունները բարելավվել են, սակայն առևտրատնտեսական շրջանառության մեջ  մեծ մասը պատկանում է Շվեյցարիային, քանի որ Շվեյցարիայից Հայաստան ներկրվող ապրանքներն ավելի շատ են, քան Հայաստանից Շվեյցարիա ապրանքների արտահանումը: Միևնույն ժամանակ դեսպանը շեշտեց, որ իր առաքելությունը Շվեյցարիայից արտահանում խթանելն է, և ոչ Հայաստանից Շվեյցարիա արտահանմանը նպաստելը:

Լուկաս Գասսերի խոսքով` Շվեյցարիան ունի GSP արտոնյալ ռեժիմը, որը տրամադրվում է բոլոր արդյունաբերական ապրանքներին ու շատ գյուղատնտեսական ապրանքներին: Արտոնյալ ռեժիմը տրամադրվում է մաքսատուրքը նվազեցնելու կամ մաքսատուրքից ազատելու եղանակներով, ինչը նշանակում է, որ հայկական ապրանքները կարող են մրցակցել շվեյցարական շուկայում` առաջարկելով ավելի ցածր վաճառքի գին: Դեսպանը համոզված է, որ Հայաստանը ունի ներուժ` արտադրելու որակյալ արտադրանք և տեղ գտնել շվեյցարական շուկայում: