Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարևորելով հայրենիքում նման միջոցառումների անցկացումը ցանկանում եմ դիմել համաժողովի մասնակցող պատվիրակներին, ովքեր ժամանել են աշխարհի տարբեր անկյուններից։ ՀՅԴ երիտասարդական, ուսանողական և պատանեկան միությունները մշտապես անկյունաքարային դեր են ունեցել մեր կառույցի համար։ Այս մասին ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանը։
«Մեծապես մեր միությունների համադրված, առաջադեմ և համարձակ գործունեությունների արդյունքում է, որ հնարավոր է եղել 130 տարուց ավել դիմակայել ժամանակի և պատմության նետած բոլոր փորձություններին և ոչ միայն դիմակայել, այլև պահպանել հայ ժողովրդի կյանքում դերակատար լինելու ՀՅ Դաշնակցության հանձնառությունը։ Սակայն մեր երիտասարդների գործունեությունը նոր կարևորություն է ստացել հատկապես պատմական այս ժամանակաշրջանում։ Ձեր գործունեությունը առանց չափազանցնելու անկյունաքարային նշանակություն ունի ծանր օրեր ապրող մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բոլոր զավակների համար։ Այս օրերին է, որ դուք կարող է և պետք է դառնաք այն ճրագները, որոնք մեր բոլոր համայնքներում նաև Հայաստանում և Արցախում կվառեն պայքարի ջահը, կհեգնեն հարմարավետությունը և դարձյալ կկանգնեն հանուն հայրենիքի մղվող պայքարի առաջնագծում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ կուսակցության պատմության ընթացքում շատ անգամներ դաշնակցական երիտասարդությունը կարողացել է վճռական դեր ունենալ կուսակցության և մեր ժողովրդի պատմության մեջ․ սուլթանական բռնաճշնումների դեմ պայքարից մինչև Արցախյան վերջին պատերազմ և հայրենիքի ազատագրման համար մղվող պայքար դաշնակցական երիտասարդները մշտապես եղել են առաջնագծում։
«Այսօր մեկնարկող համագումարի օրակարգը լավագույնս արտացոլում է դաշնակցական երիտասարդի աշխարհայացքը՝ բոլոր ոլորտներում արդարության ձգտումից, մինչև երիտասարդական խնդիրների վերհանում և իհարկե ուժերի կենտրոնացում այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում։ Ողջունում եմ համագումրաը Սյունիքում անցկացնելու ձեր որոշումը, որը կարևոր ուղերձ է փոխանցելու ոչ միայն սյունեցիներին, այլև գիշատիչ հայացքը Սյունիքին հառած թշնամիներին։ Հաջողություն և բեղմնավոր աշխատանք եմ մաղթում ձեզ և այսօր մեկնարկող համագումարին, վստահ լինելով, որ այս համագումարը ևս ծառայելու է մեր առջև ծառացած դժվարագույն մարտահրավերնրների հաղթահարման ուղիների որոնմանը»,- ավելացրեց նա։