կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-23 13:23
Տնտեսական

Լայն սպառման բազմաթիվ ապրանքներ եւս ջրեղենի պես դրոշմապիտակներ կունենան

Լայն սպառման բազմաթիվ ապրանքներ եւս ջրեղենի պես  դրոշմապիտակներ կունենան

Նախատեսվում է, որ հանքային ջրերի, գարեջրի ու զովացուցիչ ըմպելիքների պես սպառողական բազմաթիվ ապրանքներ եւս այսուհետ պետք է դրոշմապիտակներ ունենան: Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

Այս նախագծով' Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված' սույն հոդվածով ներկայացված աղյուսակում ներառված ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե օրենքով սահմանված՝ համապատասխան ծածկագրով ապրանքային դիրքում ընդգրկվող ապրանքները արտադրողի կամ այլ փաթեթավորողի կողմից փաթեթավորված (չափածրարված), շշալցված կամ այլ կերպ տարայավորված են՝ նույն փաթեթավորմամբ ու ապրանքային տեսքով, առանց քաշը (ծավալը) փոփոխելու, մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար:

 

Ըստ այդմ` ինչպես նախկինում գարեջրի, հանքային ջրերի ու զովացուցիչ ըմպելիքների համար էին նախատեսված այդպիսի դրոշմապիտակներ, այնպես էլ այս օրենքն ընդունվելուց հետո նման դրոշմապիտակներ պետք է ունենան այսուհետեւ կաթնամթերքը, բոված կամ չբոված սուրճը' փոխարինիչներով, թեյը' համաբույրային հավելումներով կամ առանց դրանց, բուսական յուղերը, պատրաստված կամ պահածոյացված մսամթերքը, ձկնամթերքը, խեցգետնակերպերը, բոլոր պահածոները, այդ թվում` նաեւ ջեմերը, մարմելադները եւ այլն, պայածոյացված բանջարեղենը, մրգերը, ընկուզեղենն ու այլ բույսերի ուտելի մասերը, պաղպաղակի կամ սննդային  սառույցի այլ տեսակները, քացախը կամ դրա փոխարինիչները, կոսմետիկ միջոցները կամ դիմահարդարման եւ մաշկի խնամքի միջոցները, ներառյալ` արեւայրուքի դեմ կամ համար նախատեսված միջոցները, բացառությամբ դեղամիջոցների, մազերի խնամքի միջոցները, օժառը եւ այլն:

 

Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է տնտեսության մեջ որոշ ապրանքների շրջանառության իրական ծավալներն արձանագրելու և դրանով իսկ հարկումից խուսափելու հնարավորությունները սահմանափակելու քաղաքականությունից:

 

«2012 թվականի տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում լայն սպառման համար նախատեսված որոշ ապրանքատեսակների (գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի) մասով դրոշմապիտակներով հաշվառման համակարգի ներդրումը նպաստել է այդ ապրանքատեսակների արտադրության և իրացման շրջանառության իրական ծավալների բացահայտմանը, ստվերի կրճատմանը, հետևաբար` նաև պետական բյուջեի եկամուտների աճին: Մասնավորապես, 2013թ. 3-րդ եռամսյակում 2012 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ գարեջրի արտադրության քանակն ավելացել է 4.9 մլն լիտրով կամ 232.3 տոկոսով, բնական հյութերի և ըմպելիքների (զովացուցիչ և հանքային) արտադրության քանակը՝ 2.1 մլն լիտրով կամ 162.1 տոկոսով»,- ՊԵԿ տեղեկատվության հիման վրա նախագծի ներկայացման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը' նշելով, թե խոսքը միայն լայն սպառման ցանցերում վաճառվող փաթեթավորված ապրանքների մասին է:

 

Այս ապրանքներ արտադրողներից եւ ներմուծողներից հարկային մուտքերը 2013 թվականի 3-րդ եռամսյակում 2-րդ եռամսյակի նկատմամբ աճել են 1 միլիարդ 65 մլն դրամով կամ 145 տոկոսով:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առումով նշեց, թե բերված ցուցանիշներն, անկեղծ ասած, տպավորիչ են. «Այսինքն' ոլորտներ կան, որտեղ ստվերայնությունը 2 անգամ էր կազմում, եթե Ձեր հնչեցրած թվերով դատենք, որոշ տեղերում' ավելի»,- նշեց վարչապետը:

 

Դավիթ Սարգսյանն այս առումով նշեց, թե որոշ մասը պայմանավորված է բնական աճով, բայց ինքը չի կարծում, թե առաջին եռամսյակում' 1 տարվա ընթացքում, 4 անգամ ավելի շատ գարեջուր ենք ըմպում: «Մի քիչ շատ է: Նույնը` բնական ջրերը, ըմպելիքները. 162 տոկոս տարվա մեջ բավական մեծ աճ է»,- ներկայացրեց Դավիթ Սարգսյանը:

 

Վարչապետն էլ հայտարարեց, թե կարելի է արձանագրել, որ այս գործիքն ամենաարդյունավետ գործիքն է, ի տարբերություն նախորդ գործիքների, որոնք կիրառվում էին եւ փորձ էր արվում դրանցով ստվերայնությունը նվազեցնել. շոշափելի արդյունքներ տվեցին հենց դրոշմապիտակները: «Դրա համար պետք է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները, եւ արդյունքում մնացած ոլորտներում եւս էապես կկրճատվի ստվերայնությունը»,- շեշտեց վարչապետը:

 

Այս նախագիծը կառավարությունը փորձելու է ԱԺ ներկայացնել ու անցկացնել ԱԺ գարնանային նստաշրջանում: