կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-19 14:25
Հասարակություն

Դեմ եմ պատմության վերանայմանը, ռևանշիզմին. Տարոն Մարգարյան. Tert.am

Դեմ եմ պատմության վերանայմանը, ռևանշիզմին. Տարոն Մարգարյան. Tert.am

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ և Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն անդրադառնում է մրցակից քաղաքական թիմերի կողմից իր հասցեին հնչող քննադատությանը, քաղաքի զարգացման ծրագրերին, «Հին Երևան» նախագծին և, վերջապես, հարցին, թե որն է համարում իր գլխավոր գործը քաղաքապետի պաշտոնում:

-Պարո՛ն Մարգարյան, Երևանի քաղաքապետի պաշտոնում շուրջ 5 տարվա աշխատանքում որը կմատնանշեիք որպես Ձեր, պատկերավոր ասած, ամենամեծ գործը և որը՝ ամենաանհաջողը:

-Ամենակարևորն այն է, որ մենք վերականգնեցինք երևանցու հավատը իր քաղաքի հանդեպ, իր ապագայի հանդեպ։ Մեր քաղաքացիներն անմիջականորեն մասնակցում են Երևանի ապագայի կերտմանը, իրենց ձայնը, խոսքը և գործը որոշիչ են եղել այս տարիների ընթացքում, և ես վստահ եմ՝ այդպես կլինի նաև մայիսի 14-ից հետո: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա նրանք շատ են, բոլոր հարցերը միանգամից լուծելն իրատեսական չէ, մեզանից մի անգամ ավելի մեծ հնարավորություններ ունեցող մայրաքաղաքները նույնպես կանգնած են բազում-բազմապիսի հարցերի առջև, և քաղաքի զարգացումն ու պատմությունը երբեք չեն ավարտվելու:

-Չե՞ք կարծում, որ Երևանի տրանսպորտի հարցը Ձեր ամենաթույլ կողմ է: Համենայնդեպս, Ձեր ընդդիմախոսները մատնանշում են՝ «տրանսպորտում կռացած օրիորդներ»:

-Մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացման ծրագիրը մշակման փուլում է: Այս ոլորտի բարեփոխումները լինելու են մեր հաջորդ տարիների գերակայություններից մեկը: Միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի և կառավարության ներգրավմամբ մենք կտանք Երևանում հանրային տրանսպորտի խնդրի լուծման մեր տարբերակը: Մեր նախընտրական ծրագրում մանրամասն անդրադարձ է կատարված իրականացվելիք ծրագրերին:

-Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ մետրոյի հարցում քաղաքային իշխանությունների դիրքորոշումը, որ այն ահռելի գումարներ է պահանջում՝ մոտ 1.5 միլիարդի (մետրոյի յուրաքանչյուր կիլոմետր կառուցելու համար 1.2-1.6 միլիարդ դոլարի հաշվարկով), սխալ է, և ավելացրեց, որ փող կա, ցանկություն չկա և որ այն հույժ անհրաժեշտ է Երևանի համար: Մասնավորապես, առնվազն 3 ուղղություններով Հալաբյանից ՝ Ֆիզիկայի ինստիտուտից դեպի Զեյթուն, Նորքի զանգված և Աջափնյակով Շենգավիթ համայնք՝ վերգետնյա ճանապարհով: Ի՞նչ կարող եք հակադարձել:

-Հակադարձելու խնդիր չունեմ: Երևանի ավագանու ընտրությունները, թեպետ քաղաքական են իրենց ձևով, բայց մաքսիմալ ապաքաղաքական են իրենց բովանդակությամբ: Ուստի այս և նման հարցերի շուրջ խոսակցությունը մասնագիտական պետք է լինի, առանց քաղաքական համատեքստերի: Մետրոպոլիտեն ունենալը քաղաքի ձեռքբերումն էր, այն փայփայել, արդիականացնել ու զարգացնելը՝ մեր պարտականություններից մեկը: Հավաստիացնում եմ` շատ կցանկանայի, որ հենց իմ ղեկավարության տարիներին Երևանում մետրոյի նոր կայարաններ կառուցվեն:

-Երևանի պատմամշակութային դեմքի ու դիմագծի կորուստը՝ պատմական շենքերի քանդմամբ, ևս Ձեր՝ որպես գործող քաղաքապետի օգտին չի խոսում: Այս իմաստով շատերն ասում են՝ նայեք Թբիլիսիին, նայեք Երևանին, որը վերջին տարիների ընթացքում կորցրեց իր պատմական շերտը, որով մենք գոնե Երևանում հպարտանալու առիթներ չենք ունենում և այն չենք կարողանում ցույց տալ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:

-Ինքս, լինելով երևանցի, ազգային մշակույթի և գաղափարախոսության վրա մեծացած մարդ, շատ եմ կարևորում մեր մայրաքաղաքի պատմական դիմագծի պահպանումը: Ցավոք, տարիների ընթացքում հին շենք-շինությունների տեղափոխման աշխատանքներն արդեն մեկնարկել էին, և մեզ համար առաջնային է այժմ «Հին Երևան» նախագծի լիարժեք իրագործումը: Եկեք չխորամանկենք և զուգահեռներ չանցկացնենք այլ մայրաքաղաքների հետ: Երևանը հաջորդ տարի նշելու է իր ծննդյան 2800-ամյակը, ու վստահ եմ՝ արժանապատվորեն է նշելու, որպես աշխարհի ամենահին գործող մայրաքաղաքներից մեկը, որպես ամենաանվտանգ և հյուրընկալ քաղաքներից մեկը:

-Ի՞նչ զարգացման ծրագրեր կան Երևանում առաջիկայի համար:

-Մեր նախընտրական ծրագիրն իր մեջ է ամփոփում մեր տեսլականը Երևանի ապագայի մասին, տալիս է պատասխաններ ամենահրատապ և կարևոր խնդիրներին: Մեր ծրագրում մենք ամփոփել ենք և՛ մեր, և՛ միջազգային փորձը: Այն հավակնոտ է, բայց իրատեսական: Քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում պատրաստ ենք շարունակել սկսածը՝ հանուն Երևանի, հանուն ժամանակակից, հարմարավետ, կանաչ, լուսավոր, բարեկարգ, մշակութային, կիրթ և առողջ Երևանի:

-Դուք ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ Անդրանիկ Մարգարյանի որդին եք: Ձեզ՝ որպես պահպանողական կուսակցության ներկայացուցչի ու Անդրանիկ Մարգարյանի որդու, չե՞ն անհանգստացնում երևանյան փողոցները՝ անվանակոչված սովետական դեմքերի անուն-ազգանուններով և կամ խորհրդանիշներ պարունակող:

-Հայրս մեծ ներդրում ունի Հայաստանի անկախության և պետականության գործում: Ես չէ, որ պետք է գնահատականներ տամ այս կապակցությամբ: Պահպանողականությունն ի դեպ տարբերվում է հեղափոխականությունից նաև նրանով, որ դեմ է «քանդել-սրբել-տանելուն»: Մեր ժողովրդի պատմությունը տարբեր էջեր է ունեցել, էպոխաներ են փոխվել: Ես անձամբ դեմ եմ պատմության վերանայմանը, ռևանշիզմին, արհեստական մաքրազերծումներին: Սովետական Հայաստանը մեր պատմության մի մասն է արդեն դարձել: Ու չեմ ցանկանում հիմա վերլուծություններ անել այս թեմայով: Մեր նորագույն պատմության հերոսները նույնպես պիտի իրենց տեղն ու անունը հավերժացնեն մեր մայրաքաղաքում: Քաղաքը պիտի պահպանի իր պատմության շերտերը, թե չէ ամեն հաջորդ կցանկանա նորից վերագնահատել անցյալը և իր պատկերացումներով պատմությանը գնահատական տա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում