կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-06 16:17
Քաղաքական

ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան. Tert.am

ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան. Tert.am

Tert.am–ը հայաստանյան ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ, ով վերջերս է ստեղծել «Կամավորական շարժում» ՀԿ–ն։ Հրանտ Մարգարյանն ասում է, որ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա։ Նա նույնիսկ ավելորդ է համարում խոսակցություններին, որ ինքը ստվերից է կառավարում կուսակցությունը։ Հարցազրույցը կարդացեք ստորև։

-Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ չնայած Դուք հեռացել եք ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից, այնուամենայնիվ շարունակում եք կուսակցության ստվերային ղեկավարումը: Ի՞նչ կասեք այս մասին։

- Այս տարվա սկզբին կայացած ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովի ժամանակ իմ թեկնածությունը չներկայացրի բյուրոյի անդամ ընտրվելու համար: Այդպիսով, փաստորեն հրաժարվեցի քաղաքական գործունեության ղեկավարման մեջ դերակատարություն ունենալուց: Այդ ժամանակ դեռ որոշումս հիմնավորել եմ և հայտարարել, որ որևէ կողմնակի դրդապատճառ այդտեղ չկա և չի կարող լինել, ինչպես նաև վստահեցրել եմ, որ չեմ պատրաստվում վարագույրների հետևից շարունակել ղեկավար գործունեություն ծավալել: Հիմա էլ ստիպված եմ կրկնել նույնը: Քանի որ, հատկապես վերջին օրերին, ականատեսն եմ կազմակերպված և հետևողական մի քարոզչության, ավելի ճիշտ՝ ասեկոսեների և բամբասանքների, որոնց նպատակն է ապակողմնորոշել հանրությանը և ներկայացնել, թե իբրև շարունակում եմ ղեկավարել իմ կուսակցության կողմից վարվող քաղաքականությունը:

Նրանք, ովքեր կանգնած են նման բամբասանքների հետևում, պարզապես չեն ճանաչում մեր կուսակցությանը և չգիտեն, որ այն որևէ ժամանակ չի ղեկավարվել միանձնյա կերպով, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում:

Նրանք կա՛մ ուզում են այդ կերպ նսեմացնել Դաշնակցության ներկա ղեկավարության գործունեությունը, կա՛մ չեն կարողանում թաքցնել իրենց անհանդուրժողական կեցվածքը Դաշնակցության դեմ ընդհանրապես:

- Բյուրոյի կազմից դուրս գալուց հետո, կարծես թե, պասիվ եք, վերջին մեկ տարում քաղաքական գործընթացներում չեք, ինչո՞ւ:

-Այո՛, վերջին մեկ տարվա ընթացքում հնարավորինս խուսափել եմ հանրային ակտիվությունից և հրապարակային ելույթներից՝ իմ բաժին գործն ու առաքելությունը համարելով միայն երկրի անվտանգությունը, պաշտպանությունը և Արցախի ազատագրական գործի անշեղ ընթացքի ապահովումը:

Ընդամենը երկու անգամ եմ հանդես եկել հրապարակային խոսքով՝ երկու անգամն էլ խոսքիս առանցքը եղել է Արցախը: Երկու դեպքում էլ շեշտել եմ, որ երկրում ընթացող քաղաքական պայքարը որևէ պարագայում չպետք է խախտի երկրի կայունությունը, որը հիմնական գրավականն է Արցախի անվտանգության:

-Դրա՞ն է առնչվելու «Կամավորական շարժում» ՀԿ-ի ստեղծումը:

- Վերջերս, մի խումբ ընկերների հետ նախաձեռնել եմ«Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության ստեղծումը: Սա եմ համարում իմ հետագա գործը և այս գործով եմ պատրաստվում նախկինի պես շարունակել ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին:

- Պարո՛ն Մարգարյան, ՀՅԴ-ական ուսանողներն են վերջերս քաղաքական օրակարգում, խնդիրներ ու պահանջներ ունեն, ի՞նչ կասեք այդ մասին, հետևո՞ւմ եք գործընթացներին:

- Ինչ վերաբերում է այդ զարգացումներին, ուզում եմ ընդամենը մտահոգությունս ու ցավս հայտնել առ այն, որ ոմանք փորձում են օգտագործել երիտասարդներին՝ նոր սերունդը իրենց քաղաքական խարդավանքներում: Սա անթույլատրելի է: Չի կարելի անմեղ ու անփորձ երիտասարդներին դրդել լրտեսության ու դավաճանության: Ավելին` այս կապակցությամբ ասել չեմ կամենում:

Վերջում միայն ավելացնեմ, որ ով էլ լինի Դաշնակցության ղեկավար կազմում, Դաշնակցությունն իր շարքերով շարունակելու է հայապահպան ու ազգապահպան իր գործունեությունը և թույլ չի տալու դրանից որևէ շեղում: Եվ որևէ մեկին չի հաջողվելու արգելել մեզ մտածել, արտահայտվել ու գործել:

Ի դեպ, հատուկ չեմ ուզում անդրադառնալ այս օրերին ԱԺ ամբիոնից և այլ հարթակներից հնչող ամենացնորամիտ հայտարարություններին և մեղադրանքներին: