կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-02 11:40
Հասարակություն

Ուղեվարձի բարձրացումն անխուսափելի է. Տարոն Մարգարյան

Ուղեվարձի բարձրացումն անխուսափելի է. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի բացառում, որ տրանսպորտի գինը կբարձրանա: Երեկ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո քաղաքապետը զրուցեց Yerkir.am-ի եւ մի քանի լրագրողների հետ:

 

Հարցին` թանկացումն անխուսափելի է՞, քաղաքապետը պատասխանեց. «Եթե մենք ուզում ենք անվտանգ երթևեկություն և որակյալ սպասարկում ապահովել, այո', այս սակագնով հնարավոր չէ դա իրականացնել»:

 

Մարգարյանը հայտնեց նաեւ, որ տրանսպորտի սակագնի վերանայման հարցով ստեղծված հանձնաժողովի նիստերը բաց են լուսաբանման համար եւ, հետևելով դրա աշխատանքներին, կարող ենք տեղեկանալ, թե երբ կհրապարակվի ուղեվարձի գինը:  Նա նշեց, որ հիմա հանձնաժողովի անդամները փուլ առ փուլ քննարկում են, թե սակագինը ինչ չափի կլինի, եւ երբ քննարկումներն ավարտվեն, երբ հանձնաժողովն իր վերջնական արդյունքը ներկայացնի, այն ժամանակ էլ ինքն իր գնահատականը կտա:

 

«Ինձ համար առաջնահերթը երևանցու անվտանգ և որակյալ երթևեկությունն է: Իսկ թե ինչ սակագնով կկարողանանք ապահովել, կորոշի հանձնաժողովը»,- ասաց քաղաքապետը:

 

Պարզվում է` Տարոն Մարգարյանն այնքան էլ չի վախենում քաղաքացիների ընդվզումից: «Վախենալ-չվախենալու խնդիրը չի, մենք պետք է մտածենք ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա մասին: Եթե տրանսպորտի խնդրի լուծումը չտանք, ապա երկու տարի հետո Երևան քաղաքում տրանսպորտ չի լինի: Թող շատերը հիշեն 90-ական թթ. սկիզբը, երբ տրանսպորտի լուրջ խնդիր կար: Ես երբևիցե չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին: Ու քանի որ այսօր քաղաքային իշխանության պատասխանատուն մենք ենք, ապա պետք է մտածենք վաղվա օրվա մասին: Իսկ այսօր անվտանգ երթեւեկություն չի իրականացվում, եւ բոլորս ենք տեսնում մեր տրանսպորտի վիճակը: Հալաբյան փողոցի  խոշոր վթարը՝ պարզ եւ ցավալի օրինակ:Ինձ համար կարևորը երևանցիների անվտանգություն է, իսկ այսօր ես չեմ համարում, որ երևանցին անվտանգ է երթևեկում: Իրականում բոլորս ենք տեսնում, որ մեր տրանսպորտը վտանգավոր վիճակում է գտնվում»,- ընդգծեց քաղաքապետը:

 

Դիտարկմանը, թե` նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, որոշումը ստացե՞լ է, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Սա քաղաքային իշխանության լուծելու խնդիրն է, դրա համար հանձնաժողով ենք ստեղծել ու մենք ինքնուրույն մեր աշխատանքները կատարում ենք»: